Արդեն 16 օր է՝ փակ է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող Լաչինի միջանցքը։ Արցախում ստեղծված ճգնաժամի, իրավիճակից ելք գտնելու ուղիների շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
-Արդեն 16 օր է՝ փակ է Լաչինի միջանցքը։ Ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակում լուծումը։
-Լաչինի միջանցքն այս պահին հնարավոր է բացել միայն բանակցությունների միջոցով, որովհետև պարզապես տեսանելի այլ տարբերակ չկա։ Այլ հարց է, որ դա ավելի շատ գտնվում է ռուս-ադրբեջանական տիրույթում։ Հայաստանի իշխանությունների խնդիրը պիտի լինի անընդհատ փորձել այդ հարցը ներառել, ճնշում գործադրել՝ ինչպես միջազգային հանրության միջոցով, այնպես էլ Ռուսաստանի վրա՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավոր, և հասնել նրան, որ Ռուսաստանը հարցը լուծի՝ բացի Լաչինի միջանցքը, որովհետև Հայաստանն այլ լծակներ պարզապես չունի։
-Ըստ էության, միջազգային հանրության՝ անգամ հասցեական գնահատականները մինչ այս պահը արդյունք չեն տվել։ Ռուսաստանն էլ հստակ գնահատական չի տալիս կատարվածին։ Ի՞նչ է նշանակում ռուսական կողմի նման դրսևորումը։
-Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Ռուսաստանը փորձում է ադրբեջանցի «էկոլոգների» գործողություններից իր բաժին օգուտը քաղել։ Այսինքն, այդ հանգամանքն օգտագործել որպես Հայաստանի վրա ճնշումների լծակ, որպեսզի Հայաստանը, օրինակ, Սյունիքով ճանապարհ տա՝ ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Այդ դեպքում Ռուսաստանը միաժամանակ երկու միջանցքն էլ կվերահսկի։ Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։ Իսկ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ սա մեզ համար կարմիր գիծ է և ճնշումներին տեղի չեն տալիս։ Այսպիսով, կարելի է ասել, որ Ռուսաստանը և Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակ լինելն օգտագործում են Հայաստանի վրա ճնշումների համար։ Այլ հարց է, որ ամեն մեկն՝ իր նպատակին հասնելու համար։ Հայկական կողմի վրա ճնշում գործադրելու հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են։ Եվ սա է այն պատճառը, որ ռուսները Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։
-Արցախում բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ։ Ի՞նչ հարց լուծվեց դրանով, և ո՞րն էր հանրահավաքի հիմնական քաղաքական մեսիջը։
-Այդ հանրահավաքի թիվ 1 մեսիջն, իհարկե, ուղղված էր աշխարհին։ Ցույց էր տալիս, որ այո, կա Արցախ, կա բնակչություն, որը միակամ է, որը ոչ մի դեպքում համաձայն չէ մնալ Ադրբեջանի կազմում։ Այսինքն, կա ժողովրդի կամք։ Ամբողջ խնդիրն այն է, որ սա մեր միակ փաստարկն է մնացել, որովհետև մենք աշխարհին ներկայացնելու այլ փաստարկ պարզապես չունենք։ Մնացել է միայն ժողովրդի կամքին և ինքնորոշման իրավունքին հղում անելը։ Եվ սա բավականին հզոր, ազդեցիկ փաստարկ է։ Հիմնական նպատակն այն էր, որ ամբողջ աշխարհին լսելի դարձնեն, և դա հաջողվեց։ Բազմաթիվ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձան Արցախի հանրահավաքին։ Երկրորդ ուղերձն էլ ուղղված էր Հայաստանի իշխանություններին, և բավականին բաց տեքստով ասվեց, որ զիջումների չգնաք, մենք պատրաստ ենք դիմակայել մինչև վերջ, հանկարծ անընդունելի զիջումների չգնաք՝ հաշվի առնելով մեր ծանր վիճակը. մենք պատրաստ ենք էլի պայքարել։ Մի խոսքով՝ սա նաև միասնականության կոչ էր, որովհետև եթե իրենք ծանր պայմաններում դիմակայում են, ուրեմն նույնն էլ պիտի անի Հայաստանը։ Եվ պետք չէ զիջումների գնալ, որը հետագայում ավելի ծանր վիճակում կդնի ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։
-Պնդում կար, թե Արցախի հանրահավաքում փորձ էր արվում ստորադասել Հայաստանի ներդրած ջանքերը Լաչինի միջանցքի բացման համար։ Դուք նման միտում տեսնու՞մ էիք։
-Խնդիրը միտումը չէ, խնդիրը հարցեր լուծելու իրական լծակներն են։ Քանի որ այդ իրական լծակները Հայաստանի ձեռքում չեն, Արցախը, նրա իշխանությունները, ժողովուրդը միասնաբար պիտի փորձեն իրական լծակների հասցեատիրոջ հետ խոսել, իսկ դա Ռուսաստանն է։ Եվ պատահական չէ, որ արցախցիները երթով շարժվեցին ռուս խաղաղապահների մոտ, իսկ այսօր էլ պատրաստվում են գնալ և ուղղակի բանակցել ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։ Այստեղ ստորադասել-չստորադասելու խնդիրը չէ։
Հայկ Մագոյան