Աշխարհաքաղաքական զարգացումների և Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։
-Անցած շաբաթ տեղի չունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախապես նշվում էր, որ մինչև տարեվերջ երեք երկրների ղեկավարների ևս մեկ հանդիպում է նախատեսվում, բայց այսօր ՌԴ-ն պաշտոնապես հայտարարեց՝ Սանկտ Պետերբուրգում նման հանդիպում նախատեսված չէ։ Ձեր կարծիքով՝ ռուսական կողմին չի՞ հաջողվում կազմակերպել հանդիպում, թե՞ այլ պատճառ կա։
-Ընդհանրապես, բարձրագույն մակարդակով հանդիպումները տեղի են ունենում այն դեպքում, երբ բարձր՝ արտգործնախարարների մակարդակում ձևակերպվում է համապատասխան օրակարգ, որը պետք է վերջնականապես քննարկվի երկրի ղեկավարների կողմից։ Բայց հասկանալի պատճառներով ԱԳՆ մակարդակով եռակողմ հանդիպում տեղի չունեցավ, բնական է, որ պետք է և չլիներ երկրների առաջնորդների մակարդակով հանդիպում։ Ինչ վերաբերում է նրան, թե Ռուսաստանը չկարողացավ կամ չցանկացավ կազմակերպել հանդիպում, ապա արդեն նշեցի, որ եթե չկա օրակարգ, իմաստազուրկ է դառնում հանդիպելը։ Այստեղ կա Հայաստանի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը։ Ինչպես նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լավրովին ուղղված իր պատասխանում՝ սպառնալիքների ներքո բանակցել հնարավոր չէ։ Լաչինի միջանցքի հետ կապված պատճառաբանությունը Հայաստանի դիրքորոշումն է, և պարզ է, որ այդ նույն դիրքորոշումը պետք է պաշտպաներ նաև Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, քանի դեռ լուծված չէ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, ապա նորմալ և ճիշտ է Հայաստանի դիրքորոշումը, որ չի կարող տեղի ունենալ եռակողմ հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
-Երեկ Արցախում բազմամարդ հանրահավաք էր։ Ո՞րն էր դրա քաղաքական մեսիջը, և ի՞նչ հարց լուծվեց սրանով, եթե հաշվի առնենք, որ մինչև այս պահը փակ է Լաչինի միջանցքը։
-Հանրահավաքի նշանակությունը պետք է բաժանել 2 մասի։ Առաջինը՝ ժողովուրդը շատ կարևոր մեսիջ հղվեց համայն աշխարհին, որ հանդիսանում է իր քաղաքական կոլեկտիվ իրավունքների տերը և ինքնորոշման լիարժեք սուբյեկտ է։ Արցախի ժողովրդի համահավաք ներկայությունը Ստեփանակերտի հրապարակում, միանշանակ, ուղերձ էր և շատ կարևոր ազդակ և՛ բարեկամ երկրներին, և՛ ոչ բարեկամ։ Մենք նկատեցինք, որ չկար որևէ օտարերկրյա պետության դրոշ, ինչը կրկին շատ դրական է և ընդգծում է Արցախի ժողովրդի իրավասու սուբյեկտությունը։ Եվ այն տրանսպարանտները, որոնք կային ցուցարարների ձեռքերում, ցույց էին տալիս Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գիտակցումը, ուժն ու կարևորությունը։ Հանրահավաքի կազմակերպիչների և, կոնկրետ, պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասով, իհարկե, կան որոշակի վերապահումներ։ Կարմիր գծով անցնող մեսիջ կար՝ Արցախը Հայաստանից տարանջատելու, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում Հայաստանի ներդրած ջանքերի անտեսում։ Տպավորություն էր, որ փորձ է արվում Արցախը պաշարված ամրոցի կարգավիճակով ներկայացնել, որը չունի որևէ բարեկամ՝ բացառությամբ Ռուսաստանի։ Մենք տեսնում ենք որոշակի անջրպետ կամ տարբերակված մոտեցում հանրահավաքի մասնակիցների, կազմակերպիչների, մեսիջների և հանրահավաքի նշանակության վերաբերյալ պատկերացումներում։ Եվ այստեղ մի կարևոր նրբերանգ կա։ Փաստորեն, Ռուբեն Վարդանյանի կողմից խոսվեց միջազգային հանրության ջանքերով Ռուսաստանի խաղաղապահ մանդատի երկարացման անհրաժեշտության մասին, հետո ժողովրդի անունից կոչ-հայտարարություն հղվեց, որտեղ փաստացի Արցախի հարցում երկու սուբյեկտ ընդգծվեց՝ որպես պատասխանատու. Արցախի իշխանությունները և Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Սա ցույց է տալիս, որ Արցախն այսօր՝ իր վարած քաղաքականությամբ, որոշակիորեն տարբերվում է և հակադրվում է Հայաստանի վարած քաղաքականությանը։ Հայաստանը տանում է Արցախի հարցի միջազգայնացման քաղաքականություն, իսկ Արցախը՝ հակառակը, Արցախի ղեկավարությունը՝ տվյալ դեպքում պետնախարարի մակարդակով (թեև Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանն էլ նմանատիպ դիրքորոշում ունեն), տանում են Արցախի հարցի լոկալացման՝ Ռուսաստանի տիրույթում պարփակելու քաղաքականություն։
-Եթե բանակցությունների չենք գնում, և Դուք էլ համակարծիք եք իշխանության այդ պնդման հետ, որ սպառնալիքների ներքո բանակցել հնարավոր չէ, ապա ինչպե՞ս եք տեսնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։
-Հրապարակային ֆորմատով բանակցությունները, որպես այդպիսին, այսօր միայն հնարավոր են, եթե ձևավորվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման նախադրյալներ։ Դրանք այսօր բացառապես գտնվում են միջազգային իրավական տիրույթում։ Եթե դու գնում ես բանակցությունների՝ առանց նման իրավական նախադրյալների, դու, կարծես, լռելյայն ընդունում ես, որ Լաչինի միջանցքի հարցը կարող է լինել քաղաքական սակարկման առարկա։ Շատ կարևոր է, որ հարցը մտավ ՄԱԿ ԱԽ, ունեցանք ՄԻԵԴ-ի որոշումը միջանկյալ միջոց կիրառելու մասին, որի շնորհիվ նաև Կարմիր խաչի միջնորդությամբ դեղորայք, պարենամթերք է մտնում Արցախ։ Այստեղ ունենք հստակ միջազգային իրավունքի խախտում, դրա զրկմանն ուղղված քաղաքականություն, Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականություն, և սա այն հարցը չէ, որ կարող է քաղաքական բանակցությունների առարկա դառնա։ Մենք նկատում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվում է հետևյալ քաղաքականությունը՝ ձևավորվում է եռակողմ հայտարարությունների տառին հակառակ արհեստական խնդիրներ։ Հետո այդ խնդիրները վերացնելու համար Հայաստանից կորզվում են նորանոր զիջումներ՝ Քարվաճառը և որոշ շրջաններ զիջելը, Գորիսի ճանապարհը զիջելը, Հին Թաղերի, Խծաբերդի, Փառուխի դեպքերը և այլն։ Շատ լավ է, որ Հայաստանը որոշել է չտրվել սադրանքներին՝ հասկանալով, որ դրանք ծուղակներ են և նենգափոխում են բանակցային գործընթացի ամբողջ էությունը՝ Հայաստանի վրա դնելով նորանոր պարտավորություններ, որոնք չեն բխում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի բացառապես միջազգային ճնշման արդյունքում՝ որպես անվերապահ պահանջ Ադրբեջանին՝ ապաշրջափակելու միջանցքը։ Միայն դրանից հետո կարելի է գնալ Ադրբեջանի հետ բանակցությունների։
Հայկ Մագոյան