Լաչինի միջանցքը փակելու քայլով Ադրբեջանն ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, և ՌԴ-ն պետք է մտահոգվի և քայլեր ձեռնարկի իրավիճակը վերականգնելու և համապատասխանեցնելու նոյեմբերի 9-ին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հստակ է՝ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ Ջանքերի մասով որևէ մեկը չի կարող մեղադրանք ներկայացնել մեզ»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ դրանք ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից։
«Հիտլերն ասում էր, թե պատմականորեն հողերն իրենց են պատկանում և հարձակվում էր հարևան պետությունների վրա։ Ալիևի ձեռագիրը նույնն է»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչու ՌԴ-ն քայլեր չի ձեռնարկում Հայաստանին օգնելու ուղղությամբ, Գրիգորյանը պատասխանել է․
«Ռուսաստանի հետ հարաբերությունները պայմանագրային են։ Բնականաբար, շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չեն ձեռնարկում, հարց կառաջանա, թե ինչու։
Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, այն ամբողջովին ինքնիշխանության խախտում է, Հայաստանի օրակարգում նման բան չկա։ ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացները միանշանակ սահմանափակում են նույնիսկ այդ հարցը քննարկելու հնարավորությունը»,- նշել է Գրիգորյանը։
Անդրադառնալով սպառազինության ձեռքբերման աշխատանքներին՝ Գրիգորյանը շեշտել է, որ աշխատաքները շարունակվում են, կան որոշակի արդյունքներ, բայց դրանք դեռևս բավարար չեն։
Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ԵՄ տեխնիկական նոր առաքելությունն արդեն Հայաստանում է, նրանք պետք է գնահատեն իրավիճակը։