ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում հայտարարել է, թե Արցախը-Հայաստանին կապող Լաչինի միջանցքին փոխարինող այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ տարվա մայիսին։
«Գիտեք՝ ճանապարհը Տեղ գյուղից ձգվում է դեպի Կոռնիձոր, այնուհետ սահման՝ 11 կիլոմետր, 700 մետր է, երեք շինարարական ընկերություններն են աշխատում։ Գլխավոր բարդությունները հաղթահարել ենք՝ կապված հողային աշխատանքների, ժայռային պայթեցումների։ Այդ աշխատանքների մոտ 80 տոկոսը ավարտված են։
Մեր գրաֆիկը հետևյալն է․ ի ուրախություն մեզ, այս պահին եղանակային պայմանները թույլ են տալիս, բավական արագ տեմպով աշխատում ենք։ Հողային աշխատանքները մինչև ամսվա վերջ հիմնականում կավարտեն, զուգընթաց խողովակներ են տեղադրվում, հենապատեր կկառուցեն և մեր նպատակը մինչև մայիս ասֆալտապատելն է»,- ասել է Գնել Սանոսյանը։