Ադրբեջանական կողմը 12 օր է՝ փակ է պահում Լաչինի միջանցքը՝ խախտելով 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված դրույթները։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
-Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հայկական կողմը խնդրել էր հետաձգել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ Ձեզ՝ հանդիպելն ու հարցերը քննարկե՞լն էր ճիշտ, թե՞ հետաձգելը։
-Իհարկե, խնդիրները լուծելու համար հանդիպումներն են ավելի արդյունավետ, բայց քանի որ ՀՀ ԱԳ նախարարը խնդրել է հետաձգել այդ հանդիպումը, նշանակում է՝ այս դեմարշը հստակ պատճառ ունի։ Հայկական կողմը գնում է դեմարշի, քանի որ հասկանում է՝ նմանատիպ հանդիպումներով այլևս խնդիր չի լուծվի, և փորձում է այլ ճանապարհով հասնել լուծման։ Կարծում եմ, որ անդրկուլիսյան բանակցություններ եղել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։ Հայկական կողմին չեն բավարարել դրա արդյունքները, այդ պատճառով էլ գնացել է դեմարշի՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը։
-Լաչինի միջանցքը բացելու հարցում ի՞նչ պետք է անի Հայաստանը, և ի՞նչ՝ Ռուսաստանը։
-Հայաստանը պետք է միջազգայնացնի Լաչինի միջանցքի հարցը։ Այս առումով շատ կարևոր էր ՄԱԿ-ի ԱԽ, միջազգային դատական ատյաններ տանել խնդիրը, մասնավորապես՝ ՄԻԵԴ, շուտով նաև՝ արդարադատության միջազգային դատարան։ Այդպիսով հասնել նրան, որ խնդիրը միջազգայնացվի և չմնա միայն եռակողմ պայմանավորվածությունների տիրույթում։ Իսկ ռուսական կողմը պետք է ավելի հստակ իր պարտականությունները կատարի՝ բանակցություններով կամ այլ միջոցներով բացի ճանապարհը, քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է հենց իրենց վերահսկողության ներքո։ Հայաստանը պետք է Ռուսաստանին էլ պահանջներ ներկայացնի, որպեսզի նա կատարի իր պարտավորությունները, թեկուզ՝ դա անել ոչ հրապարակավ։
-Միջազգային հանրությունը արձագանքում է և Ադրբեջանից հասցեական պահանջում բացել ճանապարհը։ Ինչու՞ իրանական կողմը հասցեական հայտարարություններ չի անում։ Այս հարցում իրանական կողմի կաշկանդվածությունն ինչո՞վ է պայմանավորված։
-Իրանի վարքագիծը Արցախի հարցում երբեք էլ Հայաստանի օգտին չի եղել։ Ընդհանուր առմամբ, իրենք միշտ պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը։ Իսկ Արցախի հարցում կամ չեզոք են եղել, կամ՝ ադրբեջանամետ։ Իսկ ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասով, օրինակ՝ Սյունիքի, Իրանի դիրքորոշումը էապես տարբերվում է ղարաբաղյան հարցում դիրքորոշումներից։ Այդ իսկ պատճառով Լաչինի միջանցքի հարցում իրենք կրավորական կեցվածք են ընդունել, և ավելին սպասելի չէր։ Եթե անկեղծ լինենք, Իրանը այս հարցում անգամ շահագրգիռ էլ չի, և նրա մտահոգությունները հիմնականում կապված են Հայաստանի հարավային սահմանների հետ, որպեսզի «զանգեզուրյան միջանցքն» իրականություն չդառնա, և Իրանն իր հյուսիսային հատվածներում չկտրվի աշխարհից՝ ընկնելով թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության տակ։
Հայկ Մագոյան