ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներին։
Ըստ նրա՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին ադրբեջանական հայտարարությունները սին են և հիմնազուրկ. «ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի։
Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ է Ադրբեջանին փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ Ադրբեջանին ենք փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ մեր առաջարկները և պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։ Ասեմ նաև, որ այդ առաջարկները ներառում են ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը. մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը․ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և զորքերը ետ քաշի ՀՀ ինքնիշխան տարածքից»։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, Հայաստանը շարունակում է ջանքերը՝ համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ. «Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, դրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում»։