ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի տեսաուղերձ է հղել, որտեղ անդրադարձել է Հայաստանում իր պաշտոնավարման 3 տարիներին` նշելով, որ երբ ժամանեց Հայաստան դժվարին ժամանակներ էին։
Չնայած անհերքելի մարտահրավերներին` Լին Թրեյսին լավատես է Հայաստանի ապագայի հանդեպ, որի հիմքում ժողովուրդն է, հայ մարդու և, հատկապես, հայ երիտասարդների ուժն ու կամքը։
ԱՄՆ դեսպանի խոսքով՝ իրեն ոգեշնչում է հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ուղղվածությունը։
«Խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցն ընդգծեց մեր համագործակցության դրական հետագիծն ու ԱՄՆ-ի աջակցութունը Հայաստանին։ 2021 թվականին նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս մեկ կարևոր իրադարձություն էր։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում»,- ասում է Լին Թրեյսին և վստահեցնում, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։
Թրեյսին հպարտ է, որ կարողացել են նպաստել Հայաստանի եզակի ժառանգության պահպանությանը «Դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցներով։ Հրաժեշտի տեսաուղերձում դեսպանն անդրադարձել է այն ծրագրերին, որոնք իրականացրել են Հայաստանում։
ԱՄՆ դեսպանը նշում է, որ, հետ նայելուվ իր պաշտոնավարման 3, իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների 30 տարիներին, ոգեշնչվում է հայ ժողովրդի աննկուն տեսակով և լցվում ապագայի հանդեպ մեծ հույսով։