Քաղաքական

«Ճիշտ չէ սլաքներն ուղղել ռուսական կողմի վրա». Հովհաննես Սահակյան

«Ճիշտ չէ սլաքներն ուղղել ռուսական կողմի վրա». Հովհաննես Սահակյան

Արդեն 8-րդ օրն է՝ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախին զրկելով Հայաստանի հետ ուղիղ հաղորդակցության հնարավորությունից։

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, թե օրվա իշխանությունները կոմպլեմենտար քաղաքականություն էին վարում արևմտյան երկրների հետ, բայց այսօր, երբ Արցախում ապրող 120 հազար հայ շրջափակման մեջ է, ամբողջ աշխարհը լուռ է․ «Այս 8 օրը պետք է դաս ու խրատ լինի, որպեսզի հասկանանք՝ եթե աշխարհն այս պարագայում էլ բան չի խոսում, մեր հույսն ինչի՞ վրա է»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ բնապահպանները չեն փակել, այլ ադրբեջանական կողմը, որ այսկերպ ստուգում է մեր զգոնությունը։ Նրա խոսքով՝ նման դեպքերը պարբերական բնույթ են կրելու, «դարձնելու են առօրյա ճնշման գործիք և փոքր իսկ առիթի դեպքում այդ ճանապարհը կրկին փակելու են»։

Սահակյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է նաև Ռուսաստանը, որը նաև դրա երաշխավորն է, և պետք է կտրուկ քայլեր ձեռնարկվեն, որ ճանապարհը բացվի. «Քանի դեռ  մենք մեր պահանջները հստակ չենք ներկայացրել՝ նաև Արցախի հետ կապված, այսպես է լինելու։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո նշեք մի իշխանավորի, որ Արցախ է գնացել։ Այդ ճանապարհը քանի դեռ ամբողջությամբ մեր և Արցախի հայրենակիցների կողմից չի օգտագործվել, այսպես է լինելու»,- նշեց նա։

Սահակյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պետք է անի հայկական կողմը, եթե 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված է, որ ռուս խաղաղապահները պետք է վերահսկեն և ապահովեն Լաչինի միջանցքով Արցախի կապը Հայաստանի հետ, իսկ այսօր դա չի արվում։ Նրա խոսքով՝ ճիշտ չէ սլաքներն ուղղել ռուսական կողմի վրա. «Իշխանության հովանու տակ եվրոպական մի շարք սազանդարներ հայտարարություններով հանդես են գալիս, թե Ռուսաստանի մատը խառն է ճանապարհի փակման մեջ։ Այս կարգի խնդիրները պետք է լուծվեն բարձր մակարդակով։ Այն մարդիկ, որ այդ փաստաթղթի տակ ստորագրել են, առնվազն երկուսը՝ մենք և ՌԴ-ն, պետք է բարձր մակարդակով և հրապարակային խոսեն»։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական