ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը կբացվի, և զիջումներ չեն լինի. «Կարծում եմ՝ Ղարաբաղի իշխանությունները ճիշտ դիրքորոշում ունեն, որ զիջումների չեն գնում: Արցախցիներն իրենց ինքնուրույնությունը չպետք է զիջեն այս պարագայում: Ես չեմ կարծում, որ մաքսակետ տեղադրելու հարցում ղարաբաղիցները գան համաձայնության: Մյուս կողմից, մենք միշտ ասել ենք, որ պետք է պաշտպանենք Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումները, և շատ կարևոր է, որ իրենք այս ընթացքում իրենց դիրքորոշումը չփոխեն»:
Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ այս թնջուկը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ բանակցություններով. «Արցախի նոր պետնախարարը հայտարարեց, որ եթե Ադրբեջանն ընդունի իրենց սուբյեկտայնությունը, իրենք պատրաստ են մտնել բանակցությունների մեջ: Ես կարծում եմ՝ սա ճիշտ կողմնորոշում է, այս թնջուկը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ բանակցություններում»: