Քաղաքական

Ընդդիմադիր պատգամավորը՝ վարչապետի հորդորի մասին

Ընդդիմադիր պատգամավորը՝ վարչապետի հորդորի մասին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Վարչապետը դիվանագիտական ծառայությանը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումներին, խորհրդարանական դիվանագիտությանը, կառավարող ուժին, ընդդիմությանը, հկ-ներին, սփյուռքի ներկայացուցիչներին, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց, սոցցանցերի օգտատերերին հորդորեց իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղը ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հորդորին՝ ասաց, թե ավելի լավ կլիներ նման կոչն արվեր իշխանական խմբակցության պատգամավորներին։ Ըստ Մանուկյանի. «Թող իրենց խմբակցությունը ԱԺ-ում անատամ հայտարարություն չընդունի։ Շատ ավելի մեծ գործ արած կլինի»։

Մանուկյանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է խորհուրդ տա և կոչ անի ընդդիմությանն՝ ինչ անել, հատկապես՝ դաշնակցությանը, որը որևէ վայրկյան մեր ժողովրդի և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում դադար չի վերցրել»։

Ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ է անում խորհրդարանական ընդդիմությունը. «Սա ամեն վայրկյանի, տևական, համակարգված աշխատանք է, ոչ թե լոկ սեփական PR-ի մասին մտածելով գործունեություն ծավալելու, սեփական հաճույքները վայելելու, ինչպես այս իշխանության դեպքում է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական