ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ օգտագործում են բոլոր խողովակները, որպեսզի հնարավոր դառնա հիվանդների տեղափոխումը Երևան. «Մենք անմիջական կապի մեջ ենք ինչպես հիվանդանոցի, այնպես էլ առողջապահության նախարարության հետ: Համատեղ ուժերով փորձում ենք անել հնարավորը՝ ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը կայուն պահելու և, երբ իրավիճակը հանգուցալուծվի, րոպե առաջ նրանց Երևան տեղափոխելու համար»։
Խոսելով դեղորայքի և բժշկական պարագաների պաշարների մասին՝ Ավանեսյանը նշեց, որ դրանք օգտագործվում են ռացիոնալ և ուղղում միայն անհրաժեշտ ուղղություններով. «Ռեսուրսների խնայողաբար օգտագործումը կարևոր է, որ կարողանան հնարավորինս երկար դիմանալ»:
Մինչ այդ, ըստ Անահիտ Ավանեսյանի, իրենք դիմել են միջազգային կառույցներին, օգտագործել բոլոր խողովակները, որ հնարավոր դառնա Արցախից հիվանդների տեղափոխումը Երևան: Նա նշել է, որ ԱՀԿ-ից դեռ պատասխան չեն ստացել. «Բայց մենք ոչ թե գրավոր պատասխան ենք ակնկալում, այլ՝ քայլեր»։
Նախարարը նաև հիշեցրել է, որ փակվել է Արցախի հետ միակ ճանապարհը. «Դա կյանքի ճանապարհն է, որով ամենօրյա ռեժիմով ապրանքներ, դեղորայք, բժշկական պարագաներ պետք է հասցվեն։ Այս իրավիճակը չի կարող երկար տևել»։