ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից իր ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը պետք է լինի իշխանության հավաքական աշխատանքը։
Նա ներկայացրել է այդ ուղղությամբ ակնկալվող քայլերը. «Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերի ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակեպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց լուման պետք է ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախ և առաջ ԼՂ-ի ցեղասպանության կամ հայրենազրկման նպատակ ունեն»։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «ԼՂ-ն՝ առանց հայերի» քաղաքականությունը. «Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»։