ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է կառավարության շենքի մոտ ընդդիմադիրների բողոքի ակցիային։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ս. Սարգսյանն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ադրբեջանցիներին չեն հետաքրքրում հանքավայրերը, նրանք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնել Արցախն ու արցախցիներին, բայց վստահ է՝ դա նրանց չի հաջողվելու. «Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու՝ դա է մի քիչ հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Ակնհայտ է, որ որևէ հույս՝ Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել»։
Հարցին՝ արդյոք տեղի ունեցող գործողությունները կտանեն պատերազմի, նա ասաց. «Դժվարանում եմ ասել՝ այդպիսիք կլինեն, թե չէ, որովհետև վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որոշումները կայացվում են օրվա խնդիրներից ելնելով։ Ես չեմ տեսնում գոնե մի քանի քայլ առաջ նայելու ցանկություն»։
Ոուս խաղաղապահների պատասխանատվության և այս հարցով իշխանությունների քննադատությունների մասին հարցին ի պատասխան՝ Ս.Սարգսյանն ասաց. «Այսօրվա կառավարիչները կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե որոնք են խաղաղապահների պարտականություններն ու պարտավորությունները։ Որևէ տեղ տեսե՞լ եք՝ այդ մասին ինչ է գրված։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ գրված է, կատարում են իրենք, և պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա։ 3-4 տարի առաջ մեղավորները նախկիններն են, հիմա արդեն նախկիններին դժվար է մեղադրել, մեղադրում են խաղաղապահների՞ն, ռուսների՞ն։ Այո, բոլորիս ակնկալիքներն ավելի շատ էր ՌԴ-ից, բայց ցանկացած ակնկալիք միշտ կողքից կարող են փչացնել, ինչպես փչացրին»։
Անդրադառնալով խնդրի լուծման եղանակներին՝ Սերժ Սարգսյանը մատնանշել է. «Դիմակայել, պայքարել»։