ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է ընդդիմադիր խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն։
Նրա խոսքով՝ ընդդիմությանն առաջարկվել է ստեղծված իրավիճակում ցուցաբերել միասնականություն և միասնաբար ընդունել մեկ հայտարարություն, միասնաբար ուղերձ հղել միջազգային հանրությանը. «Որովհետև ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ պետք է մրցենք, թե այդ կենացի մեջ ով է ավելի ճարտար, ավելի խիզախ, ոչ թե էկրանի ասպետներ պետք է մեզ հռչակենք, այլ պետք է զբաղվենք գործով ու կարողանանք այնպիսի միջազգային ուղերձներ հղել աշխարհին, որ սինխրոն կլինի ՀՀ իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը»։
Ըստ Կոնջորյանի՝ իրենք պատրաստ են եղել ընդդիմության հետ գնալ փոխզիջումների, որից, սակայն, նրանք հրաժարվել են. «Սա ի՞նչ է նշանակում, որ մեր ընդդիմությունն ԱԺ-ում ոչ թե հայտարարության նախագիծ էր ուզում ստանալ, այլ՝ միտինգ, ինչը չստացվեց։ Երբ հասկացան՝ միտինգը չի ստացվում, ասացին՝ շատ լավ, մենք դուռը կշրխկացնենք, կգնանք, դրսում միտինգ կանենք, կշարունակենք դեգերումները Երևանի փողոցներում»։