Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։
-Ադրբեջանն, արդեն 2 օր է, փակել է Արցախից Հայաստան եկող ճանապարհը, երեկվանից էլ դադարեցվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը։ Ինչպե՞ս մեկնաբանեք նման իրավիճակը, ինչի՞ հետևանք է սա։
-Գլխավոր պատճառն այն է, որ 2020-ի պատերազմից ու նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը չկարողացավ հասկանալ, ըմբռնել ստեղծված նոր վիճակը և համարժեք քայլերի չգնաց։ Սա դիվանագիտության բացակայության և հույսը միայն և միայն Ռուսաստանի հետ կապելու արդյունք է։ Իսկ Ադրբեջանը վերջին երկու տարիների ընթացքում փորձում է քայլ առ քայլ բոլոր ուղղություններով ամրապնդել իր հաղթանակը և բանակցային դիրքերը ապագա հաշտության պայմանագրում, եթե այն լինի։ Ադրբեջանը փորձում է ավելի շահած դուրս գալ, քան կար նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ժամանակ։
-Այս գործելաոճով ադրբեջանական կողմը մարդու իրավունքների ի՞նչ հիմնարար սկզբունքներ է խախտում։
-Բոլոր հիմնարար իրավունքներն էլ խախտում է։ Սկսած տեղաշարժի իրավունքից, վերջացրած անվտանգության և կյանքի իրավունքը։ Բայց Ադրբեջանի պարագայում խոսել մարդու իրավունքներից՝ տեղին չէ, որովհետև այդ երկիրը սեփական քաղաքացիների իրավունքներն է խախտում, այնտեղ ընտրություններ տեղի չեն ունենում։ Այդ երկիրը տոտալիտար բռնապետական երկիր է։ Եվ բնական է նրանց վերաբերմունքը, քանի որ արդեն երկար տարիներ՝ հատկապես Ալիև կրտսերի կառավարման ընթացքում, նրանց մոտ հակահայկականությունը, հայատյացությունը պետական մակարդակով է քարոզվում։ Եվ այս համատեքստում խոսել մարդու իրավունքներից՝ այնքան էլ տեղին չէ։
-Ինչու՞ պատշաճ արձագանք չկա իրավապաշտպան միջազգային կառույցների կողմից, և ի՞նչ են ի զորու փոխել այդ կառույցները ստեղծված իրավիճակում։
-Դեպքերը դեռ նոր են զարգանում։ Որպեսզի արձագանքեն, պետք է նախ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ստանան, վերլուծեն։ Վստահ եմ, որ կլինեն արձագանքներ և իրավապաշտպան, և այլ միջազգային կառույցների ու պետությունների կողմից։ Խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես կկարողանա կապիտալիզացնել այդ արձագանքները, կկարողանա՞ դրանք օգտագործել իր օգտին։ Սեպտեմբերի 13-ին, երբ ադրբեջանցիները լայնածավալ պատերազմ սկսեցին ՀՀ-ի դեմ, արձագանքները շատ բուռն էին։ Ադրբեջանը ստիպված եղավ կրակը դադարեցնել, բայց հայկական կողմն այդպես էլ չկարողացավ դրանք օգտագործել իր շահերի համար։ Արևմուտքն արդեն ներգրավվել էր այստեղ՝ ԱՄՆ, Ֆրանսիա։ Դեպքերը շատ արագ էին զարգանում, արդեն խոսում էին այն մասին, որ մինչև տարեվերջ պետք է փաստաթուղթ լինի, որը վերջ կդնի կրակոցներին և պատերազմին։ Խոսքը հնարավոր հաշտության պայմանագրի մասին է, որը շրջանառությունից դուրս եկավ, որովհետև հայկական կողմը, փաստորեն, հրաժարվեց առաջարկվող օգնություններից և վերադարձավ Ռուսաստանի ծրագրին, համաձայն որի՝ Արցախի խնդիրը մնում է օրակարգում և շարունակվում է հայ-ադրբեջանական հարաբերություններում վճռական դեր ունենալ։ Դրանից ելնելով է, որ Ալիևը որոշել է այդ խնդիրը լուծել մեկընդմիշտ։ Նրանք հիմա փորձ են անում, իսկ ապագայում այդ փորձերը կարող են դառնալ իրականություն։
-ԱՄՆ-ն, Ֆրանսիան Ադրբեջանին կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով արցախցիների ազատ տեղաշարժը։ Այս հորդորները կարո՞ղ են զսպել Ադրբեջանին։
-Կարծում եմ՝ եթե միջազգային կառույցները կամ արևմտյան հզոր դերակատարները չլինեին, Ադրբեջանը ավելի լուրջ քայլերի կարող էր դիմել։ Իհարկե, դրանք զսպող դերակատարում ունեն և զսպելու են։ Բայց ինչքան կլինի նրանց դեմ ճնշումը, ասել չեմ կարող։ Բոլոր դեպքերում, սեպտեմբերի 13-ի օրինակը հույս է տալիս, որ այդ ճնշումը կարող է մեծ լինել։
Հայկ Մագոյան