Քաղաքական

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում խաղաղություն չլինի. Մեհրաբյան

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում խաղաղություն չլինի. Մեհրաբյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն է։

-Հայաստան ուղարկված ԵՄ քաղաքացիական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի գործունեությունը։ Ըստ Ձեզ՝ ինչու՞ չեն երկարաձգում մոնիտորինգային խմբի ժամկետը՝ հաշվի առնելով, որ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը։

-Ավելի շատ հակված եմ կարծելու, որ այն հիմքը, որի վրա ստեղծված է մոնիտորինգային ժամանակավոր առաքելությունը, չի ենթադրում դրա երկարաձգում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ այլ քայլեր անել հնարավոր չէ։ Քանի որ դա Վրաստանում ԵՄ առաքելության վրա ժամանակավոր դրված հավելյալ պարտականություններ էին, ապա հիմա ժամանակն է, որ քաղաքական որոշում ընդունի նաև Հայաստանը։ Այստեղ պետք է ավելի հիմնավոր երկխոսություն Երևանի և Բրյուսելի միջև և քաղաքական որոշման առկայություն։ Համենայնդեպս, դրան հասնել է պետք։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյո՞ք ԵՄ մոնիտորինգային առաքելություն իրականացնող խումբը ուսումնասիրության արդյունքում օբյեկտիվ և պատշաճ գնահատական կտա։

-Կարծում եմ, որ ինչ տեսնում են, ֆիքսում են։ Ամեն ինչ մակերեսի վրա է, և սուր տեսողության կարիք էլ չկա՝ այդ ամեն ինչը նկատելու համար։ Հարցն այլ է։ Եթե մենք սպասում ենք, որ ԵՄ-ն պետք է Ադրբեջանի հետ գժտության ճանապարհը բռնի, դա այդպես չէ։ Իհարկե, ԵՄ-ն այդ փաստերը կօգտագործի Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքում՝ հարցը խաղաղ և համապարփակ կարգավորման բերելու համար։ Այնպես որ, մենք այնտեղից չպետք է սպասենք ֆրանսիական ձևով կոշտ ձևակերպումների։

-Իսկ ի՞նչ է տալու այդ գնահատականը Հայաստանին։ Դա կարո՞ղ է զսպել Ադրբեջանի ագրեսիան։

-Ադրբեջանը լքելու է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Ես այստեղ կասկած չունեմ։ Ե՞րբ, դժվար է ասել։ Բայց դա լինելու է համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու հետ։ Դրան հասնելու համար գործընթացը պետք է տանել տրամաբանական ավարտի՝ ճանապարհից հանելով բոլոր խոչընդոտները։ Իսկ խոչընդոտներից ամենակարևորը Ռուսաստանն է, որը ֆունդամենտալ կերպով շահագրգռված է այդ ամենի խափանման մեջ։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում չլինի տևական խաղաղություն, որովհետև դա է Ռուսաստանի՝ տարածաշրջանում ներկայիս ձևով գտնվելու միակ գրավականը։ Ռուսաստանն ուրիշ հենման կետ չունի տարածաշրջանում։

-Իսկ Հայաստանը Ռուսաստանին դուրս մղելու լծակներ ունի՞։

-Հայաստանը, որպես անկախ և սուվերեն պետություն, ունի հնարավորություն՝ հարաբերություններ հաստատելու այնպիսի գործընկերների հետ, որոնց հետ կան նպատակների, շահերի և արժեքների ընդհանրություն, և դրանով ինչ-որ կերպ լուծել տարածաշրջանի հարցերը։ Ուշադրություն դարձրեք, որ նպատակներից, շահերից, արժեքներից և ոչ մեկը Ռուսաստանի մասին չէ։ Եվ այս ճանապարհն է, որ Հայաստանին կարող է խոստանալ որոշակի հաջողություններ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական