Քաղաքական

«Բաքուն փորձում է չեղարկել 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը». Հակոբ Բադալյան

«Բաքուն փորձում է չեղարկել 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը». Հակոբ Բադալյան

Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։

-Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության՝ այսօր  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ո՞րն է Ադրբեջանի իրական դրդապատճառը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս գործելաոճի շարունակականությունը։

-Կարծում եմ՝ Ադրբեջանը հետապնդում է իր «ավանդական» նպատակները, ինչի մասին Ալիևը պարբերաբար հայտարարում է իր ելույթներում։ Բնական հանածոների թեման Ադրբեջանի նախագահը շոշափել է դեռևս նախորդ տարի՝ հայտարարելով, որ Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու տարիներ շարունակ Արցախի տարածքում հանքեր շահագործած միջազգային ընկերություններից։ Եվ հիմա փորձում են «բնապահպանական» ակցիաներով խորացնել այդ խնդիրը, գործնական միջավայր ստեղծել խնդիրը առաջ տանելու ուղղությամբ։ Իհարկե, սա նպատակներից միայն մեկն է։ Հասկանալի է, որ այս հանգամանքը Ադրբեջանի համար ավելի լայն քաղաքական գործիք է՝ թե մարտավարական, թե ռազմավարական բնույթի խնդիրներ լուծելու համար։ Տեսնում ենք նաև, որ սրացման քայլեր արվում են Լաչինի միջանցքի ուղղությամբ։ Այս առումով էլ դարձյալ հայտնի է Ադրբեջանի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմը նույնացնել «զանգեզուրյան միջանցքի» կենսագործունեության հետ։ Իրականում պետք է լինի ընդամենը Նախիջևանը Ադրբեջանին կապող հաղորդուղի, որը կանցնի Հայաստանի տարածքով։ Մենք գիտենք, թե ինչ արձանագրումներ կան 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Այդ առումով Ադրբեջանը չունի այդ փաստաթղթին հղում անելու նույնականացման հիմք, բայց փորձում է այդ հիմքը ստեղծել քաղաքական սադրանքներով։

-Ադրբեջանն այս քայլով չի՞ խախտում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

-Իհարկե, քայլերը, որոնք կատարվում են, նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների խախտում են։ Ցավոք սրտի, Ադրբեջանը առաջին անգամ չէ, որ խախտում է դրանք։ Բնականաբար, այդտեղ պատասխանատվության հարց կա թե՛ խախտողի, թե՛ այդ փաստաթղթի գլխավոր մոդերատոր Ռուսաստանի համար։ Բայց նաև հասկանում ենք, որ Ռուսաստանը խնդիրներ ունի Կովկասում իր մոդերատորությունը լիարժեք պատասխանատվությամբ լիարժեք իրացնելու հարցում՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ կան ուկրաինական պատերազմի առումով, և դրանց հետևանքով այն նշանակությունը, որ Ռուսաստանի համար ստանում են կովկասյան ուղղությամբ ադրբեջանական կոմունիկացիաներն ու թուրքական ուղղությունը։ Բաքուն, շատ լավ հասկանալով Ռուսաստանի հնարավորությունների սղությունը, փորձում է նաև ճնշում բանեցնել ռուսների վրա։ 

-Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Այդ կերպ Ադրբեջանը փորձում է չեղարկել քաղաքական օրակարգի հիմքում նոյեմբերի 9-ի փաստաթղթի առկայությունը։ Այդ փաստաթուղթը, ինչքան էլ դիտարկենք որպես ռազմական ցավագին պարտության հետևանք, այդուհանդերձ, պատերազմից հետո՝ գոնե առայժմ, միակ փաստաթուղթն է, որն Ադրբեջանի համար սահմանում է որոշակի պարտավորություններ, ձևակերպումներ, որոնք Ադրբեջանի համար իսկապես խնդիր են։ Եվ, անկասկած, Բաքուն փորձում է չեղարկել այդ փաստաթուղթը և հնարավորինս լղոզել օրակարգը։ Եվ այդ հարցը լուծելու համար Ադրբեջանը փորձում է օգտագործել արևմտյան միջնորդական նախաձեռնությունները։ Այդ առումով էլ շատ կարևոր է, որ այդ նախաձեռնությունների հետ աշխատելիս Հայաստանը դրանց հեղինակների առաջ՝ լինի ԵՄ, ԱՄՆ, դնի այդ խնդիրը, թե որն է այն պատասխանատվության բազան, որը պետք է լինի երկու կողմերի հարաբերության առանցքում։ Եվ եթե այստեղ չի դիտվում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ապա ի՞նչն է դիտվում։ Եթե չկա այդպիսի հիմք, ստացվում է բավականին անպատասխանատու կամ բանավոր քննարկումների պատասխանատվության միջավայր, որը շատ լղոզված է, ու որից միշտ կարելի է խուսանավել, մանևրել։ Ի պատասխան Ադրբեջանի՝ Հայաստանը պետք է փորձի բոլոր նախաձեռնություններում դնել այդ պատասխանատվության փաստաթղթավորված բազայի հարցը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 9-ի, քանի դեռ չկա այլ տարբերակ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական