ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր ելույթում անդրադարձել է նախկին ու ներկա իշխանությունների օրոք ոստիկանության գործելաոճին։
ԱԺ նախագահի խոսքով, այն ամենը, ինչ կատարվել է 2008թ. Մարտի 1-ին ու դրանից հետո, հանցագործություն էր. «Մեկուկես ամիս ու ավելի դուք ու ձեր գործընկերները փողոցներում ոստիկաններին էլ գրկեցիք, էլ բրդեցիք, էլ հարվածեցիք, էլ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր՝ արեցիք», - դիմելով ընդդիմությանը` հայտարարեց Սիմոնյանը:
Նա հիշեցրել է, որ ընդդիմության վերջին հանրահավաքներում ոստիկանների ուղղությամբ քարեր էին նետվում. «Դուք այդ մարդկանց տեսնում եք ու հրահրում եք, որ ձեր աջակիցները քարերով խփեն ոստիկաններին, ամեն նման դեպքում, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառվելու, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ դրա մեջ չկասկածի, որովհետև, ի տարբերություն նախկին ոչ հաճելի երևույթների, այսօր իշխանությունը, թարսի պես, օրինական ու ընտրված իշխանություն է», - ասաց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ բոլոր գործողությունների համար: