ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է ստեղծել ներքին գործերի նախարարություն։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ սա հերթական նախարարության ստեղծումը չէ. «Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության իրականացում»։ Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը մշակելիս ուսումնասիրել են եվրոպական և հետխորհրդային ավելի քան 30 երկրի փորձ. «Այսպիսի համակարգերում ոստիկանությունը հիմնականում քաղաքացիական նախարարության ենթակայության ներքո է գործում և, ըստ այդմ, ապահովում է ոլորտի համապարփակ կատարելագործումը և զարգացումը»։
Սարգսյանի խոսքով՝ նախագծերը մշակվելիս ելել են այն կանխավարկածից, որ հանրությանը մատուցվող ծառայությունները մեկ րոպե անգամ չկանգնեն. «Միավորվում է երեք կառույց՝ մեկ նախարարության ներքո։ Հետևապես, նախագծային լուծումները տանում են նրան, որ շուրջ 4 ամիս կունենանք 13 նախարարություն, ԱԻՆ-ը կշարունակի գործել՝ մինչև ՆԳՆ-ում համապատասխան կադրային նշանակումները կարվեն»։
Ըստ փոխնախարարի. «Ըստ էության ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կունենանք՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, նաև կունենանք ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի: Իսկ ոստիկանությունը ոստիկանապետի մակարդակով պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար»։