ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա. մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսը՝ Ադրբեջանը, որի վրա էլ աշխատում են։ Նրա խոսքով՝ Արևմուտքը որևէ տեքստ Հայաստանին չի առաջարկել․ «Արևմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար: Մոսկվան ևս այդպիսի միջավայր է փորձում ստեղծել: Երկու կողմից ստացված ուղերձները կարևոր են խաղաղության հասնելու համար: Հայաստանն ու Ադրբեջանն են հիմնական շահառուն, և պետք է փորձենք աշխատել այս ուղղությամբ»։
Հարցին՝ արդյո՞ք ռուսական տարբերակն ավելի շահավետ չէ, որով առաջարկվում է ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, Արմեն Գրիգորյանը մանրամասնեց. «Մենք ասել ենք, որ կողմ ենք դրան, եկեք առաջ շարժվենք: Մենք Սոչիի հանդիպումից առաջ հրապարակային և ոչ հրապարակային ասել ենք, որ Ռուսաստանի առաջարկած փաթեթը նշվի Սոչիի հայտարարության մեջ, սակայն չի նշվել: Թե ինչու, ավելի ճիշտ կլինի Ռուսաստանից հարցնել»: