Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է։
-Երեկ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, թե մինչև տարեվերջ հազիվ թե հնարավոր լինի ունենալ խաղաղության պայմանագիր, միաժամանակ, ըստ նրա, բանակցություններն ակտիվ ընթանում են։ Ըստ Ձեզ՝ այս բանակցությունները դեռ որքա՞ն կձգձգվեն։
-Իհարկե, ժամկետների հետ կապված ինչ-որ բան կանխատեսելն անշնորհակալ գործ է։ Եվ դժվար է ասել, թե ինչպես կընթանան բանակցությունները, որովհետև անընդհատ ինչ-որ պահի սկզբունքային համաձայնության են գալիս կողմերը, բայց, միևնույն է, ապագայում նոր խոչընդոտներ են առաջանում։ Այնպես որ, զերծ կմնամ այս առնչությամբ մեկնաբանություններ տալուց։
-Ադրբեջանը հայտարարել է առաջարկների երրորդ փաթեթը փոխանցելու մասին։ Հիմա սպասվում է հայկական կողմի պատասխանը։ Հաշվի առնելով փաստը, որ այդ առաջարկները Մոսկվայի միջոցով են փոխանցվել, կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ն շարունակում է պահպանել մոդերատորի դերը։
-Ռուսաստանը երբեք չի կորցրել մոդերատորի, առնվազն՝ մոդերատորներից մեկի դերը։ Ռուսաստանը, ԵՄ-ն շարունակում են մնալ երկու ամենակարևոր միջնորդները։
-ԱԳՆ ղեկավարը ևս չբացառեց Ադրբեջանի ղեկավարության հետ մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպման հավանականությունը։ Այս հայտարարությունների ֆոնին Հայաստան է ժամանում Տոյվո Կլաարը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Հավանական հանդիման վերաբերյալ Պեսկովի կողմից նմանատիպ հայտարարություն եղավ, որ պատրաստ են կազմակերպել այն։ Կարող ենք ակնկալել, որ մինչև տարեվերջ հանդիպում տեղի կունենա։ Իսկ Կլաարի այցի մասին բաց ինֆորմացիա չկա, ուստի զերծ կմնամ սպեկուլյացիաներից։
Հայկ Մագոյան