«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ չի վերցնելու հասանելիք պատգամավորական մանդատը: Ավելի վաղ դաշինքի մեկ այլ անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էր հայտարարել մանդատը չվերցնելու մասին։
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով գործընկերների հայտարարությունները, ասաց՝ հիմա քննարկումներ են ընթանում, և երբ վերջնական որոշում ընդունվի, կտեղեկացնեն հանրությանը։ Ըստ Օհանյանի՝ մանդատը չվերցնելը կապված է նաև նրանց հիմնական աշխատանքի հետ. «Եթե խոսքը Ռուբեն Մելքոնյանի մասին է, ապա նա բավականին լուրջ մասնագետ է և լուրջ մտավորական։ Դեռ մեկ ամիս էլ չի անցել, որ դեկան է ընտրվել։ Թե՛ ես, թե՛ մեր խմբակցության բոլոր անդամները հարգում ենք նրա որոշումը»։
Սեյրան Օհանյանը մանդատները չվերցնելու առնչությամբ նշեց, որ մնացած բոլոր հարցերն այսօր քննարկման փուլում են և վստահեցրեց՝ որոշում լինելու դեպքում կներկայացնեն։
Հայկ Մագոյան