ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագծի քննարկումներին խորհրդարանական ընդդիմության բացակայությանը։
Նրա խոսքով. «Ընդդիմությունը տարբեր առիթներով սուր ճոճելով ափալ-թափալ բերում է հայտարարությունների նախագծեր՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող նախագծերի անվան տակ՝ ասելով, որ իշխող խմբակցությունը պարտավոր է գալ և այս հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցը քննարկել: Բայց այս նախագիծը, որը քննարկում ենք, այս խորհրդարանում, երևի ամենամեծ հանրային հետաքրքրություն ունեցած նախագծերից մեկն էր»:
Ըստ Կոնջորյանի՝ 2025 թվականին 2 միլիոնից ավելի մարդ պետք է հայտարարագրվի. «Սրանից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող նախագիծ դժվար եմ պատկերացնում, բայց այն անցկացնում ենք ընդդիմության բացակա աթոռների հետ դեմ հանդիման:
Հիմա մենք չենք հասկանում՝ ընդդիմությունը խորհրդարան վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Մի փիլիսոփայական գլուխկոտրուկի առջև ենք բոլորս կանգնել՝ ընդդիմությունը միաժամանակ կա և չկա: Սա պատասխանատվության դասական օրինակ է, երբ դու օժտված ես այն մարդկանց մանդատով, որի իրավունքները պետք է պաշտպանես, բայց դու այնտեղ չես»: