Քաղաքական

Բաքուն Ֆրանսիային միջնորդական գործընթացից հանելու հնարավորություն չունի

Բաքուն Ֆրանսիային միջնորդական գործընթացից հանելու հնարավորություն չունի

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

-Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։ Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակում։

-Դա խոսում է այն մասին, որ Փարիզում, այնպես, ինչպես Կրեմլում, կան տարբեր աշտարակներ։ Եվ այո, որևէ կասկած չկա, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը միանշանակ պաշտպանում է ՀՀ և հայ ժողովրդի շահերը։ Բայց նույնը չենք կարող ասել Ֆրանսիայում գործող տարբեր լոբբիստական ընկերությունների մասին։ Այդ թվում նաև՝ Սարկոզիի կառավարման ժամանակ գործող, որոնք առ այսօր ունեն բավականին լայն հնարավորություններ։ Պետք է հասկանալ, որ Ֆրանսիան ունի բավականին լուրջ տնտեսական հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Այնպես որ, այստեղ ՀՀ-ի համար կա մեծ աշխատանքի դաշտ։ Եթե ուզում ենք, որպեսզի ֆրանսիական կառավարությունը հետևի այն բանաձևերին, որն ընդունում է ֆրանսիական սենատը, պետք է փորձենք համադրել մեր քաղաքականությունը Ֆրանսիայի քաղաքականության հետ։ Այստեղ կան շատ լուրջ շահեր, և որպեսզի դրանք անցնեն երկրորդ պլան՝ պետք է Ֆրանսիային անենք առաջարկություններ՝ փորձելով գտնել ընդհանուր շահեր այդ լուրջ քաղաքական ուժերի հետ, ովքեր, ինչպես նշեցի, ունեն կապեր Ադրբեջանի հետ։

-Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս բանաձևերը, եթե Ադրբեջանը Ֆրանսիային արդեն դիտարկում է կողմնակալ։

-Ցանկացած դեպքում Ֆրանսիայի սենատի երկու բանաձևը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում մեծ դեր ունեն։ Առաջին հերթին, դրանք ստեղծում են լուրջ ինստիտուցիոնալ բազա՝ հաշվի առնելով Ֆրանսիայի մակարդակն ու կշիռը միջազային հարաբերություններում։ Եվ դա լուրջ պատվանդան է Հայաստանի համար այն դեպքում, եթե Հայաստանը ցանկանա առաջ տանել բանակցային այլ գիծ, որը կտարբերվի այսօրվա գծից, որն ուղղված կլինի ԼՂՀ ճանաչմանը։ Պետք է նշենք, որ երկու բանաձևերում էլ այդ հարցը արծարծվում է, և դրա համար ստեղծվում են լուրջ հիմքեր։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի մեղադրանքներին, Ադրբեջանը չի կարող այլ կերպ արձագանքել։ Չեմ կարծում, որ այսօր Բաքուն հնարավարություններ ունի Ֆրանսիային, որպես միջնորդի, հանել գործընթացից։ Ֆրանսիան ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատ։ Նույն մանդատը, որն ունեն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն։ Եվ Ադրբեջանը չէ, որ կարող  է կամ պետք է որոշի Ֆրանսիային զրկել այդ մանդատից։ Այլ հարց է, որ Ֆրանսիան այսօր կարող է իսկապես դուրս գալ միջնորդի դերից՝ մի դեպքում, երբ դա համաձայնեցված լինի ԵՄ ղեկավարության հետ։ Եվ այդ պարագայում Ֆրանսիայի տեղը գրավելու է ԵՄ-ն։

-Արդյո՞ք Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը նպատակ ունի ցույց տալ, որ Ադրբեջանը սխալվել է, և այդպիսով ապահովել իր ներկայությունը բանակցություններում։

-Չեմ կարծում, որ Ֆրանսիայի այսօրվա հայտարարությունն ունի այդ նպատակը։ Նաև չեմ կարծում, որ այստեղ շատ են մտահոգված Ադրբեջանից եկող կարծիքներից ու դիրքորոշումներից։ Եվ կրկնում եմ՝ Ադրբեջանը չէ որոշողը՝ Ֆրանսիան դերակատարում ունենա՞ բանակցություններում, թե՞ ոչ։ Այդ որոշումները կայացվում են ավելի բարձր մակարդակում՝ նախ ԵՄ-ի, ապա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ներքո։

-ԱՄՆ-ն ու ՌԴ-ն շարունակում են մոդերատորության համար մրցապայքարը։ Ըստ էության, հետ չի մնում նաև Ֆրանսիան։ Ո՞ր երկրի մոդերատորությունն է Հայաստանի համար նպաստավոր։

-ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև պայքարը ոչ թե շարունակվում է, այլ վերջերս միայն սրվել է։ Ֆրանսիան այդ պայքարում միանշանակ հանդես է գալիս ԱՄՆ-ի դիրքերից։ Մեծ հաշվով՝ պայքարը գնում է ՌԴ-ի և հավաքական Արևմուտքի միջև։ Հայաստանի համար միանշանակ նախընտրելի է Արևմուտքի մոդերատորությունը։ Պատճառները շատ պարզ են։ Վերջին 10 տարվա ընթացքում ՌԴ-ն դարձել է հակամարտության կողմ։ Ինչում Ադրբեջանն այսօր մեղադրում է Ֆրանսիային, շատ հանգիստ կարող է նույն բանում մեղադրել նաև ՌԴ-ին։ Պարզ պատճառով նման բան չի անի, որովհետև ՌԴ-ն հակամարտության կողմ է և հանդես է գալիս Ադրբեջանի և Թուրքիայի դիրքերից, քանի որ ունեն ընդհանուր շահեր։ Այստեղ պետք չէ գտնել հակահայկականություն կամ այլ մոտիվացիա։ Այդ շահերը համընկնում են ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ ռեգիոնալ տիրույթում ընդհանուր քաղաքականության հարցերում։ Եվ այս իրողություններից ելնելով, եթե ընտրություն անենք Արևմուտքի և ՌԴ-ի միջև, ապա պետք է նախապատվությունը պետք է տալ Արևմուտքին, որովհետև դա են պահանջում մեր շահերը։ Նորից կրկնեմ՝ մեր շահերն օբյեկտիվորեն չեն համընկնում ՌԴ շահերի հետ։ Եվ սա նաև արտացոլվեց Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական