«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշել է փոփոխություններ չանել կառավարման համակարգում։
«Կառավարման մոդելի փոփոխություն չի արվելու, դեպի նախագահական կամ կիսանախագահական անցում չի լինելու, պետական կառավարումը մնալու է խորհրդարանական»,- տեղեկացրել է նա:
Իոաննիսյանը նաև նշել է, որ ինքը ևս կողմ է քվեարկել այդ որոշմանը՝ մեկնաբանելով.
«1. Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը,
2. Ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը,
3. Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար:
Հստակության համար նշեմ, որ խորհրդարանականը նախագահական կամ կիսանախագահականից տարբերվում է նրանով, թե ով է գործադիր իշխանության ղեկավարը` խորհրդարանի ընտրած վարչապետը, թե՞ ժողովրդի ընտրած նախագահը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը», այդուհանդերձ, համարում է, որ առկա մոդելը ևս լիարժեք խորհրդարանական չէ»: