Քաղաքական

«Ալիևը կատարել է Պուտինի կամքը». Միքայել Հայրապետյան

«Ալիևը կատարել է Պուտինի կամքը». Միքայել Հայրապետյան

Radar Armenia-ի զրուցակիցը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։

-ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե ՀԱՊԿ նիստում միակ բանը, որին հնարավոր չէր հասնել, ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր: Ձեր կարծիքով՝ Հայաստանին ի՞նչ կտա ՀԱՊԿ-ի գնահատականը։ Դա երաշխի՞ք է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից։

-Նախ, չի եղել և չկա ՀԱՊԿ, կա Ռուսաստան, իսկ ՀԱՊԿ-ն ընդամենը շղարշ է՝ կոլեկտիվ անվտանգության պատրանք ստեղծելու համար: Այսինքն, այն, ինչ ասում է ՀԱՊԿ որևէ պաշտոնյա, պետք է հասկանալ, որ ասում է Ռուսաստանը: Մի՞թե հնարավոր է, որ Ռուսաստանն իրական գնահատական տա այն փաստին, որ փաստաթղթերով իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանում, ավելին, պահանջի, որ դրանք դուրս բերվեն: Դա անհնարին է: Ռուսաստանը Լուկաշենկոյի բերանով շատ պարզ բացատրեց և սպառնաց, որ Հայաստանը չսպասի երաշխիքի, հակառակը՝ հնարավորինս շուտ կնքի Ադրբեջանի հետ հաշտությունը, այլապես ավելի վատ կլինի Հայաստանի համար:

-Կողմերը խոսում են հնարավոր էսկալացիայի մասին. ՀՀ ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա։ Միաժամանակ, գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը ոչ միայն Հայաստանում, այլև ԼՂ-ում։ Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանին չի զսպում անգամ ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանին։ Այս համատեքստում որքա՞ն է նոր էսկալացիայի հավանականությունը։

-Էսկալացիայի հավանականությունը բավականին մեծ է, գրեթե անխուսափելի: Ձեր թույլտվությամբ՝ կրկնեմ տարիներ ի վեր բազմիցս ահազանգածս – Ռուսաստանը մեր դեմ խաղարկում է 1920 թվականի սցենարը, երբ թյուրքական կողմի միջոցով փորձում է Հայաստանին պարտադրել իր անվերապահ կամքն ու տարածաշրջանային պրոյեկտը:

-Բանակցությունների արևմտյան հարթակի հետ կապված, կարծես, խնդիրներ են ծագել. Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանին, եթե դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը։ Արդյո՞ք այդ հարթակը դուրս է գալիս խաղից, և գործընթացն ամբողջությամբ անցնում է ՌԴ վերահսկողության տակ։

-Ղարաբաղյան հարցի կարգավորման արևմտյան հարթակի չլինելը և խնդրի միանձնյա տնօրինումը Ռուսաստանի երազանքն է ու քաղաքականությունը. Ալիևն ընդամենը կատարել է Պուտինի կամքը՝ հրաժարվելով հանդիպումից, քանի որ, ինչպես Լուկաշենկոն ասաց, «իրենց մարդն է»: Այս պահին Ալիևը պակաս ռուսական չէ, քան Փաշինյանը: Սակայն, վստահ եմ, ամենահարմար պահին Ալիևը կտրուկ շրջադարձ կկատարի դեպի Արևմուտք, երբ արդեն մինչև վերջին հյուլեն քամած կլինի Ռուսաստանից: Թուրքերն այդպես շահավետ խաղացել են թե՛ բոլշևիկյան Ռուսաստանի, թե՛ նացիստական Գերմանիայի հետ: Ալիևը փորձում է կրկնել Աթաթյուրքին և Ինյոնյուին:

-Ըստ էության, տարվա ավարտին մեկ ամիս է մնացել։ Մինչ այդ խոսվում էր մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Կարո՞ղ ենք ասել, որ մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրումն անիրականանալի է, թե՞ այնուամենայնիվ, շանս տեսնում եք։

-Մինչև տարեվերջ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը մի նոր պատերազմի արդյունքում դա չպարտադրեն Հայաստանին, ինչպես դա արեցին 1920 թ. դեկտեմբերի 2-ին, երբ մի կողմից Թուրքիան էր հարձակվել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի վրա, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական