Քաղաքական

«Սա խոսում է «Հայաստան» խմբակցության որակի մասին». Մանուկյան

«Սա խոսում է «Հայաստան» խմբակցության որակի մասին». Մանուկյան

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք ներկայացուցիչ՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, վայր են դնում իրենց պատգամավորական մանդատը։

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով գործընկերների որոշմանը, ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում դրանում։

«Դա իրենք կուսակցական դիրքորոշումն է, և մենք հարգում ենք իրենց որոշումը. այդ հարցով տևական քննարկում ենք ունեցել»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ վերահաստատել են ընդհանուր նպատակների համար պայքարում միասնական լինելը։

Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե շուտով «Հայաստան» դաշինքը կկազմալուծվի։ Գեղամ Մանուկյանը, սակայն, պնդում է՝ «Սիմոնյանն էլի սխալվեց, որովհետև ֆրակցիան ամուր է, իսկ «Վերածնվող Հայաստան»-ի գործընկերներին կփոխարինեն նորերը»։

Որպես նոր պատգամավորների դրական որակ՝ ՀՅԴ-ական պատգամավորը մատնանշում է նրանց պատերազմի մասնակից լինելը. «Վերջին շրջանում խորհրդարան եկած նոր պատգամավորները՝ Արգիշտի Գևորգյանը, Գառնիկ Դանիելյանը և առաջիկայում եկողները, բոլորը 44-օրյա պատերազմի, մի մասն էլ՝ ապրիլյան պատերազմի մասնակից են»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ «դա խոսում է «Հայաստան» խմբակցության որակի մասին»։

Հիշեցնենք՝ վերջերս «Հայաստան» խմբակցությունից պարբերաբար հերքում էին մանդատները վայր դնելու լուրերը և նշում, որ նման քննարկումներ չեն եղել։ Այնինչ «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցությունը, փաստորեն, հայտարարում է խորհրդարանում գործունեությունը դադարեցնելու մասին։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական