Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։
-ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ իրավիճակը գնահատելու համար առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման։ Նման հայտարարություն արել է Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ միակ բանը, որին հնարավոր չէր հասնել, ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք Զասի այս հայտարարությունը։
-Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ն արդեն փաստահավաք առաքելություն ուղարկել էր Հայաստան, որը հայ-ադրբեջանական սահմանին փաստահավաք առաքելություն էր իրականացրել։ Կարծում եմ՝ ինչ-որ փաստահավաք խումբ նորից ուղարկելն իմաստ չունի, մանավանդ, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է քաղաքական գնահատական տալ և ժամանակ է ձգում, փորձում մանևրել՝ խուսափելով իր բուն պարտականությունները կատարելուց։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք, քաղաքական գնահատականի սպասե՞նք ՀԱՊԿ-ից։ Եվ ի՞նչ կտա այդ գնահատականը։
-Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը կխուսափի քաղաքական գնահատական տալ, որովհետև այս կառույցն արդեն ցույց է տվել, որ անգործունակ և ամորֆ կազմակերպություն է։ Այս կազմակերպության անդամ պետություններն ավելի շատ Ադրբեջանի հետ են դաշնակցական հարաբերությունների մեջ, քան Հայաստանի։ Այնպես որ, Իլհամ Ալիևի այն պնդումը, որ «Ադրբեջանը ավելի շատ դաշնակիցներ ունի ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը», իրականություն է։ Եվ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթաժողովում, և դրանից առաջ մենք տեսանք, որ Բելառուսի նախագահն իր հայտարարություններով հստակ ցույց տվեց, որ Բելառուսի համար Ադրբեջանն ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանը։ Բայց պետք է նշել, որ միայն Լուկաշենկոն չէ այդ կարծիքին։ Անդամ մյուս երկրներն էլ են այդ կարծիքին։ Ակնհայտ է, որ կազմակերպության որևէ անդամ չի պատրաստվում հանուն Հայաստանի կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Նույնիսկ հայտարարությունների մակարդակում իրենք չեն ցանկանում որևէ խնդիր ստեղծել Ադրբեջանի համար։
-Այս համատեքստում Ալիևը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել։ Ձեր կարծիքով՝ քաղաքական գնահատականը կարո՞ղ է զսպել ագրեսիվ Ադրբեջանին։
-Ալիևը վաղուց շոշափել է ՀԱՊԿ-ի զարկերակը։ Ալիևը շատ լավ գիտի, որ ՀԱՊԿ-ը որևէ գործնական քայլ չի կատարելու Հայաստանին օգնելու և Ադրբեջանին զսպելու համար։ Այդ պատճառով էլ անում է ռազմատենչ հայտարարություններ և ոչ միայն։ Նաև ագրեսիա է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Ինքը շատ լավ գիտի ՀԱՊԿ-ի հնարավոր արձագանքի մասին և բացարձակ մտահոգություն չունի դրա մասով։
-Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Ադրբեջանին ինչու՞ է անհանգստացնում «ԼՂ» եզրույթը։
-Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և փորձում է պաշտոնական խոսույթ ձևավորել, որտեղ պետք է ընդհանրապես չլինի «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Փորձում է նաև սա բացառել ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների խոսույթում։ Բայց ուղերձներում, հայտարարություններում մենք տեսնում ենք, որ օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը։ Ադրբեջանը նաև փորձում է այնպես անել, որ ռուս խաղաղապահները չօգտագործեն ԼՂ-ի տեղանունները։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան կոնֆլիկտն ուղարկել պատմության աղբարկղը՝ հասնելով նաև նրան, որ պաշտոնական խոսույթում չօգտագործվեն այդ տեղանուններն ու եզրույթները։
Հայկ Մագոյան