Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։
-Վաղը Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս այցը քաղաքական առումով ի՞նչ նշանակություն ունի, և արդյո՞ք ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա։
-ՌԴ նախագահի այցի հիմնական նպատակը ՀԱՊԿ-ի գագաթաժողովն է։ Հիմա Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և նախագահում է։ Եվ պարզ է, որ Հայաստանում պետք է լինի ամփոփ գագաթաժողով։ Իսկ ինչ արդյունքներ կլինի՝ դժվար է ասել, քանի որ Հայաստանի գլխավոր հարցը հետևյալն է արդյոք Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիան ՀԱՊԿ-ը համարում է ագրեսիա, որ ադրբեջանական ԶՈՒ մտել է ՀՀ ինքնիշխան տարածք։
-Ինչպես նշեցիք, նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհդի նիստ։ Կքննարկվի Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։ ՀՀ վարչապետն իր ելույթներում ձեւակերպել է, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն այդ նիստից։ Ըստ ձեզ, այդ ակնկալիքները որքանո՞վ կբավարարվեն։
-ՀՀ վարչապետը մի քանի շաբաթ առաջ, երբ ՀԱՊԿ արտահերթ օնլայն նիստին Նիկոլ Փաշինյանը բարձրացնում էր այս հարցը և շատ պարզ է, որ նորից Հայաստանը կբարձրացնի այս հարցը։ Ու ՀԱՊԿ-ը պետք է պատասխան տա։ Բայց ես հույսեր չեմ փայփայում, որ կազմակերպությունը Ադրբեջանի հետ կապված քննադատական խոսքեր կասի, քանի ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը չեն համընկնում Հայաստանի շահերի հետ։ Նրանք ավելի ակտիվ աշխատում են Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Միանշանակ է, որ չեն աջակցի մեզ, և այստեղ ոչ մի կասկած չկա։ Բայց պետք է նկատել, որ օրակարգում է Հայաստանին համատեղ օժանդակության ցուցաբերման հարցը։ Եվ պետք է քննարկեն, թե ինչով կարող են աջակցել Հայաստանին։ Նշված չէ ինչ հարցերով, ինչ պատճառներով պետք է օգնեն։ Թե ինչ նկատի ունեն, երբ մտցրեցին այդ հարցը օրակարգ դժվար է ասել։ Ի՞նչ աջակցության մասին է խոսքը՝ հումանիտար, ռազմական, թե այլ, կրկին դժվար է ասել։ Դրանք տեղում կպարզվի։ Բայց քաղաքական և դիվանագիտական աջակցություն, միանշանակ, չենք ստանա։
-Արդյո՞ք դեկլարացիոն հայտարարություն կլինի, թե՞ ավելի առարկայական։
-Այո, դեկլարացիոն հայտարարություն կլինի։ Ի վերջո պետք է ՀԱՊԿ-ը պետք է հայտարարություն ընդունի։ Ինչ որ բանաձև պետք է ընդունի։ Ասենք՝ ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել, զարգացնել իր խաղաղապահ ուժերը, կամ խոսք կլինի ինստիտուտուցիոնալ զարգացման մասին կամ էլ, որ պետք է հակաահաբեկչական գործունեություն ծավալի։ Բայց հայտարարություն, որտեղ հստակ գրված կլինի, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ, որտեղ գրված կլինի, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ տարածք, պարզ է՝ չի լինելու։
-Եթե հայկական կողմի ակնկալիքները չբավարարվեն, որքանո՞վ եք տեղին համարում ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու մասին խոսակցությունները, և որքանո՞վ հավանական եք համարում դա։
-Այդ հարցին պետք է պատասխանի իշխանությունը։ Ես որպես փորձագետ միշտ ասել եմ՝ պետք է մտածեք, քանի որ երբ ՀԱՊԿ-ը ադրբեջանական ագրեսիան համարում է միջսահմանային բախում՝ դրանով լեգիտիմացնում է այդ ագրեսիան։ Ուրեմն պետք է մտածել՝ մնա՞լ այդ կազմակերպության կազմում, թե՞ ոչ։ Գուցե պետք է դուրս գալ, գուցե պետք է սառեցնել համագործակցությունը։ Որոշումը պետք է կայացնի իշխանությունը, քանի որ տեղյակ է ինչ է կատարվում։
-Իսկ ռիսկեր չեք տեսնու՞մ, եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելը սառեցնի։
-Ռիսկ ցանկացած հարցում կա։ ՀԱՊԿ-ում մնալն էլ ռիսկ է, դուրս գալն էլ ռիսկ է։ Կառավարությունը պետք է հաշվարկ անի՝ ռիսկերը որն է, մեզ համար դրականը որն է։ Սա շատ դժվար է ասել։ Ես չէի համարձակվի այդպես հեշտ ինձ վրա նման պատասխանատվություն վերձնել։ Ընդհանրապես, այո՝ ՀԱՊԿ-ում մեր շահերը չեն համընկնում անդամ մյուս երկրների շահերի հետ։ Եթե լոգիկայով նայենք՝ պետք է դուրս գանք, բայց առաջ են գալիս այլ հանգամանքներ։ Եվ քանի որ այդ հանգամանքների մասին տեղյակ է իշխանությունը, ապա ինքն էլ պետք է որոշում կայացնի։
Հայկ Մագոյան