Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության բացակայություններին։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը նստաշրջանի ավարտին տեղի ունենա, ԱԺ նախագահն արձագանքել է, թե բացակայությունների հետ կապված խնդիրը հիմա չի քննարկվել, բայց այն պատգամավորները, որոնք կշարունակեն բացակայել, ճիշտ կլինի, որ լքեն ԱԺ-ն:
Նրա խոսքով. «Տեսնենք, այսօր առաջին օրն է, լավ է, որ վերադարձել են, ավելի լավ է, քան չլինելը, չնայած, մեծ սպասումներ չունեմ»։
Ըստ Սիմոնյանի՝ «Շատ վատ է, որ ՀՀ -ում ընդդիմություն չկա, նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆինանսների շնորհիվ փակում են դաշտը առողջ ուժերի համար, բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, հաջորդ փուլը լինելու է այն, որ ընդդիմությունը փոխվելու է»։
ԱԺ նախագահը նաև ասել է, թե «Հայաստան» դաշինքի ոչ դաշնակցական տարբեր պատգամավորները շուտով իրենց մանդատները վայր են դնելու, իսկ ՀՅԴ–ն միայնակ չի կարող ունենալ 30 պատգամավոր. ««Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» խմբակցությունը շուտով կկազմալուծվեն»։