Քաղաքական

Ո՞ր կառույցներին է պարբերաբար նվիրաբերություններ անում Սերժ Սարգսյանը

Ո՞ր կառույցներին է պարբերաբար նվիրաբերություններ անում Սերժ Սարգսյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Radar Armenia-ն ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե Սերժ Սարգսյանը 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո որևէ ֆինանսական, սոցիալական կամ այլ բնույթի աջակցություն ցուցաբերե՞լ է Արցախին և Հայաստանին, ինչպես նաև խնդրել էինք նշել՝ որ գերատեսչությունների հետ է աշխատել նախագահի գրասենյակը, և ինչպիսի առարկայական արդյունքներ են գրանցվել։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից ստացված գրավոր հարցման պատասխանն՝ ամբողջությամբ.

«Տեղեկացնում ենք, որ Սերժ Սարգսյանը Ձեր նշած ժամանակահատվածում իր բոլոր ջանքերը ներդրել է ստեղծված ծանրագույն իրավիճակում օգտակար լինելու, հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու Հայաստանին և Արցախին: Սարգսյանը իր ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի և իր հիմնադրած «Լույս» հիմնադրամի ամենօրյա աշխատանքի միջոցով ակտիվ գործունեություն է ծավալել և՛ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ պարագաներով ապահովելու ուղղությամբ, և՛ աշխատանքներ է տարել քաղաքական, դիվանագիտական հարթակներում, միջազգային տարբեր կառույցների՝ ռուսաստանյան, եվրոպական և այլ երկրների գործընկերների հետ կապ հաստատելով, ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի մասին ճշմարտությունը՝ ակնկալելով վերջիններիս արձագանքն ու քաղաքական աջակցությունը հայ ժողովրդին:

Պաշտոնավարման տարիներին իր գործուն աջակցությամբ ստեղծված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին և զինծառայողների ապահովագրության հիմնադրամին մինչև այժմ Սերժ Սարգսյանի նվիրաբերությունները կրում են պարբերական բնույթ: Օրերս զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նվիրաբերողների ճանաչման հատուկ անվանակարգում ՀՀ երրորդ նախագահը ընդգրկվել է «Վան ոսկի» անվանակարգի նվիրաբերողների ցանկում:

«Լույս» հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ հիﬓադրաﬕ խորհուրդը դեռևս 2019թ. որոշում է կայացրել իրականացնել Արցախի Ամարասի վանական համալիրի լիարժեք վերականգնման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2019թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2023թ. ապրիլին: Վերականգնման ծրագիրը բաղկացած է երեք փուլից, որի շրջանակներում վանական համալիրում մինչ այժմ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք առ այսօր շարունակվում են: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Լույս» հիմնադրամի պաշտոնական կայքում:

2018-ից սկսած պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է անձնական ուշադրության կենտրոնում պահել նաև Արցախի ՊԲ առաջնահերթ կարիքների բավարարման խնդիրը. այդ կարգավիճակում, իր հնարավորությունների սահմաններում, մինչև անցյալ տարի ՀՀ երրորդ նախագահը կազմակերպել է զգալի օժանդակության տրամադրում ՊԲ-ին, որն ուղղվել է, մասնավորապես, դիտարկման համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը, գիշերային տեսադիտման և ջերմատեսիլ նշանոցների ու սարքավորումների ձեռքբերմանը, հակառակորդի խոցման և ճնշման համակարգերի, ամրաշինական կառույցների զարգացմանը, նաև տեխնիկական ապահովման այլ սարքավորումներով ապահովման խնդիրների լուծմանը: Հիշյալ տեղեկությունների վերաբերյալ մանրամասները, թույլատրելիության սահմաններում, կարող է տրամադրել ՊԲ-ն:

2020թ. քառասունչորսօրյա պատերազմի օրերին, ՀՀԿ նախագահի հանձնարարությամբ, կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ-ի կողմից ՀՀ ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա են փոխանցել մի քանի բեռնատար դեղորայք, անհրաժեշտ պարագաներ և այլ նյութեր:

Ռազմաճակատ են մեկնել բազմաթիվ հանրապետական կամավորականներ:

ՀՀԿ երիտասարդների խումբը որոշակի կամավորական առաքելությամբ մեկնել է Արցախ, որտեղ աջակցել է ռազմական գործողությունները լուսաբանող օտարերկրյա զլմ-ների աշխատանքների կազմակերպմանը, նրանց ապահովել անհրաժեշտ քանակի զրահաբաճկոններով:

Պաշտոնաթող ՀՀ երրորդ նախագահն ինքն էլ  պատերազմի առաջին օրերին մեկնել է Արցախ՝ իր մարտական ընկերների հետ որևէ ձևով մասնակցություն ունենալու, աջակցելու, սեփական փորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու ստեղծված բարդագույն իրավիճակում պատերազմի և բանակցությունների գրագետ վարման համար, սակայն Արցախի իշխանություններն անխոհեմաբար նպատակահարմար չեն համարել օգտվել առաջարկվող աջակցությունից:

Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցությունը 2020թ. սեպտեմբերի 27–ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտական կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին, քանի որ հայրենիքն ամենաթանկն է, և նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Հետագա բոլոր գործողությունները բխել են այս հայտարարության տրամաբանությունից:

Ներկայացված տեղեկությունների վերաբերյալ համացանցում առկա են բազմաթիվ հրապարակումներ, որոնց ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ»,- ասված է հարցման պատասխանում։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական