Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
-Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Ալիևի ռազմատենչ հայտարարություններին։ Ձեր տպավորությամբ՝ այս ելույթով ինչ էր փորձում ասել Նիկոլ Փաշինյանը։
-Փաշինյանի ելույթը բավական տրամաբանական էր՝ հաշվի առնելով Ալիևի հայտարարությունները Շուշիում։ Դրանցից կառանձնացնեի մեկ բան՝ դա հարցերի հարցն է, որը կապված է Արցախի հետ։ Արցախյան խնդիրը շարունակում է մնալ, և դրա առաջին կետը, որի մասին խոսում է Փաշինյանը, անվտանգությունն է, այսինքն՝ արցախցիների ֆիզիկական ոչնչացման կանխումը։ Իսկ Ալիևի հայտարարություններից հասկանում ենք, որ արցախցիները շարունակում են մնալ ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ։ Եվ ֆիզիկական ոչնչացման կանխումը միջազգային հարթակներում Հայաստանի ձեռքին թիվ մեկ խաղաքարտն է, որը Հայաստանի ղեկավարությունը դնում է սեղանին։ Եթե Արևմուտքում պահանջում են, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, ապա պետք է Արևմուտքը գործող երաշխիքներ տա, որ հայ մարդը կշարունակի ապրել Արցախում և չի սպանվի, չի տեղահանվի։ Կարծում եմ՝ շեշտը հենց սրա վրա է դրվել և բավականին ճիշտ է դրվել։ Իմ կարծիքով՝ պետք է շարունակել այս քաղաքականությունը տանել առաջ։ Որովհետև այսօր հնարավորություն չունենալով պահանջել Արցախի անկախությունը՝ պետք է շեշտը դնել մարդկանց գոյության պահպանման անհրաժեշտության վրա, որպեսզի Ադրբեջանը Թուրքիայից հետո չդառնա ցեղասպան պետություն։
-Ադրբեջանի և Հայաստանի միջև մի կողմից բանակցություններ են ընթանում, մյուս կողմից երկու երկրների ղեկավարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Նման հայտարարությունները չե՞ն հեռացնում բանակցային ճանապարհով հարցը կարգավորելու հնարավորությունը։
-Իմ կարծիքով՝ այդ մեղադրանքները հենց բանակցային գործընթացի մի մաս են, և դա իրական դիրքերի հերթական արտահայտում է։ Նաև պետք է հասկանալ, որ ինչի մասին խոսում էր Ալիևը Շուշիում, կամ նրա ներկայացուցիչները՝ Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Սոչիում, իրարից բավականին տարբերվում են։ Ադրբեջանի պահվածքն, առհասարակ, իսկ Ալիևի պահվածքը՝ 2003 թվականից սկսած, երբ ստացավ իշխանությունը ժառանգական ճանապարհով, եղել է մեկը՝ հնարավորինս բարձրացնել պահանջների և սպասումների սանդղակը, որպեսզի ստանա մինիմումը։ Հիմա մոտավորապես նույնն է արվում։ Ադրբեջանը փորձում է խոսել, որ Արցախի կարգավիճակը և նրա մասին խոսակցությունները տեղին չեն, և դա այն դեպքում, երբ Արցախը մի քանի անգամ նշվում է այդ չարաբաստիկ թղթի կտորի մեջ, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին։ Այնպես որ, կարծում եմ, Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները արտացոլում են բանակցային գործընթացում այսօրվա իրականությունը։ Բայց, այո, դրանք որոշակի չափով կարող են հեռացնել բանակցային ճանապարհով հարցը կարգավորելու հնարավորությունը, բայց բանակցությունների համար պետք է հաշվի առնել շատ հանգամանքներ՝ այդ թվում Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը։
-ՀՀ վարչապետը մի քանի անգամ շեշտեց Արցախի հայության գլխին կախված ցեղասպանության վտանգը։ Ո՞վ պետք է լինի այդ վտանգը կանխողը, և արդյո՞ք կատարվում են պայմանավորվածությունները։
-Ցեղասպանության վտանգն առաջին հերթին պետք է կանխեն ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են Արցախում։ Դա նրանց ֆունկցիան է։ Երկրորդ հերթին՝ Արևմուտքը, եթե ուզում է, որ ռուս խաղաղապահները լքեն Արցախը։ Հարցը բավականին տեղին է, և վարչապետը տեղին հարցադրումներ է անում։ Կարծում եմ՝ այդ հարցերը բարձրացվում են բոլոր պաշտոնյաների կողմից, որոնք և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ մասնակցում են բանակցություններին։ Այնպես որ, սա շատ լուրջ հարց է, և դա Երևանի ձեռքերում լծակ է, որը պետք է օգտագործվի։ Եթե ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց միսիան և լքում են Արցախը, ինչպես պահանջում է Արևմուտքը, ապա դա պետք է անի հենց Արևմուտքը։ Եվ մինչև մենք չունենանք գործոններ, որոնք ապահովելու են անվտանգությունը, փակել Արցախի հարցը այնպես, ինչպես պատկերացնում է պարոն Ալիևը, հնարավոր չէ։
-Նման հայտարարությունների ֆոնին իրատեսական համարու՞մ եք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելը։
-Դժվար է կանխատեսել՝ մինչև տարեվերջ այդ պայմանագիրը ստորագրվելու է, թե ոչ։ Եթե պայմանագիրը մինչև տարեվերջ ստորագրվի, նշանակում է՝ կարգավորման գործընթացը 100%-ով դուրս է գալիս ՌԴ-ի մոդերացիայի տակից։ Քանի որ այսօր ԱՄՆ-ի և Եվրոպայի թիվ մեկ նպատակն է, որպեսզի պայմանագիրը ստորագրվի։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դեռ հույս կա, որ պայմանագիրը կստորագրվի։ Պետք է հասկանալ, որ պայմանագրի ստորագրումը միանշանակ ՀՀ-ի և Արցախի շահերից է բխում, եթե այդ պայմանագրում միջանցքի վերաբերյալ որևէ հղում չլինի։ Արցախի մասով էլ՝ որ Հայաստանն այն չճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններից կարող ենք հասկանալ, որ Երևանը դրան պատրաստ չէ։ Եթե չի լուծվում արցախցիների անվտանգության հարցը, Արցախը չի կարող լինել այդ պայմանագրի մաս։ Իսկ հիմա ականատես ենք, որ այդ հարցը չի լուծվում։ Հավանականություն կա, որ մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց Արցախի հարցը դրա մեջ տեղ չի գտնելու։
Հայկ Մագոյան