Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք բավարար չեն կարող լինել։
ՀՀ վարչապետը, հիշեցնենք, կառավարության նիստում ունեցած ելույթում հակադարձել էր Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանություններն են հրաժարվում պայմանավորվածությունների կատարումից։
Ըստ Վարդանյանի՝ երկու բաղադրիչ կա. «Առաջինը, մենք պետք է մեր գործողություններով դիմագրավենք թշնամուն, քայլեր ձեռնարկենք, որ զսպվի նրա ախորժակը, որ դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից և դադարեն ուժի սպառնալիքի լեզվով խոսել մեզ հետ։ Եվ, դրան զուգահեռ, հայտարարությունները կարող են օգնել»։
Վարդանյանը նշեց, թե իշխանությունները, կախված հանրության շրջանում առկա տրամադրություններից, տարբեր հայտարարություններ են անում. «Տեսնում ենք պոպուլիստական հայտարարություններ՝ «խաղաղության դարաշրջան»-ից մինչև ռազմատենչ հայտարարություններ, «Արցախը Հայաստան է, և վերջ»-ից մինչև «Արցախի հարցի նշաձողը պետք է իջեցնենք», և դրա տակ որևէ իրական գործողություն, որն ուղղված է անվտանգության ապահովմանը և երաշխավորմանը, թշնամական զորքի՝ մեր ինքնիշխան տարածքից դուրս բերմանը, չենք տեսնում»։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն կարող բավարար լինել, որովհետև թշնամական երկրի ղեկավարը խոսում է ծաղրանքի մակարդակով. «Իր ամենաազդեցիկ հայտարարությունն անգամ չի կարող որևէ նշանակություն ունենալ, որովհետև գետնի վրա իրականացվում է ճիշտ հակառակը, և որևէ բան չի արվում այդ հայտարարությունը կյանքի կոչելու համար»։
Խոսելով խաղաղության պայմանագրի՝ ռուսական կամ վաշինգտոնյան առաջարկների՝ իրենց համար ընդունելի տարբերակի մասին, Վարդանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության համար կարող է ընդունելի լինել այն տարբերակը, որտեղ արտահայտված են լինելու Արցախի և Հայաստանի կենսական շահերը, և ամենևին կապ չունի, թե այն որ երկրի մայրաքաղաքում կստորագրվի։ «Մեր կենսական շահերն են՝ հայերը կարողանան շարունակել ապրել իրենց պատմական հայրենիքում, ունենան պետականություն, որի տարածքներն անձեռնմխելի են, Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ չսահմանափակվի, և ցեղասպանության սպառնալիք չլինի»,-եզրափակելով խոսքն՝ ասաց Քրիստինե Վարդանյանը։
Հայկ Մագոյան