Քաղաքական

Վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է Արցախի սուբյեկտայնության վերաճանաչում

Վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է Արցախի սուբյեկտայնության վերաճանաչում

Radar Armenia-ի զրուցակիցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։

-Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ռուսական և վաշինգտոնյան տարբերակներ են շրջանառվում։ Ձեր կարծիքով՝ ո՞ր տարբերակը կարող է Հայաստանի համար ավելի նպաստավոր լինել՝ հաշվի առնելով նաև ԼՂ-ի հարցի կարգավորումը։

-Ռուսական տարբերակը ղարաբաղյան խնդիրը չլուծելն է, այն «սերունդներին թողնելը», այսինքն, մեծ հաշվով, դրա հետևանքով արցախցիների կյանքը պետք է ոչ թե երաշխավորված լինի միջազգային մակարդակով հավաստված և երաշխավորված մեխանիզմներով, այլ ամբողջությամբ կախված մնա ռուսական քմահաճույքից: Ընդ որում, ոչ մի երաշխիք չկա, որ նոր առևտրի հետևանքով Կրեմլի և Բաքվի միջև Արցախից մնացած տարածքներից էլ նորանոր զիջումներ չեն արվի Ալիևին, կամ որ մի օր, Ռուսաստանի թուլացմանը զուգընթաց, ռուս խաղաղապահները չեն հեռանա տարածաշրջանից:

Վաշինգտոնյան տարբերակը (իսկ ես հավատում եմ, որ ադրբեջանցիների կողմից ռուսական տելեգրամ ալիքներից մեկի միջոցով արտահոսք արված փաստաթուղթը ճիշտ է) ենթադրում է Արցախի սուբյեկտայնության վերաճանաչում, Ադրբեջանին բերելու է Արցախի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների ձևաչափի՝ միջազգային հանրության հովանու ներքո: Այնտեղ հստակորեն ֆիքսված են հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հրամայականը, որոնք պետք է երաշխավորված լինեն արդեն միջազգային մեխանիզմներով: Ընդ որում, այս տարբերակը տեղ է թողնում Արցախի դե-ֆակտո անկախության համար, քանի որ եթե Ադրբեջանը չհամաձայնվի ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ Արցախը կստանա անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքներ, այսինքն՝ կարգավիճակ, իսկ նման հավանականությունը մեծ է, ապա Արևմուտքը կարող է հակվել Կոսովոյի տարբերակի որևէ մոդիֆիկացիայի կիրառմանը: Հիմա թե ռուսական ու ամերիկյան տարբերակներից որ մեկն է ավելի շահավետ մեզ համար, դատեք ինքներդ:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի են խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկները, բայց շարունակվում են նաև Վաշինգտոնի հետ ակտիվ աշխատանքները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, և, ի վերջո, ու՞մ ձեռքում է հարցի կարգավորման բանալին։

-Ռուսաստանը Սոչիից առաջ էլ չի թաքցրել, որ իր ձեռքում արցախյան խնդրի կարգավորման բանալի այլևս չկա, քանի որ նա կորցրել է իր ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես՝ Ադրբեջանի վրա, ուր այժմ շատ ավելի մեծ ազդեցություն ունի Թուրքիան: Սոչին դա ընդամենը ապացուցեց: Հենց այդ պատճառով էլ Կրեմլը առաջարկում է ոչ թե լուծել խնդիրը, այլ հետաձգել այն անորոշ ժամանակով՝ մինչ այդ իր ռազմական ներկայությունը Արցախում ապահովելու նպատակով և հույսով, որ այս երկու տարիների ընթացքում այլմոլորակայինների ռազմական դիվիզիաները կգան Կրեմլին օգնության՝ նրա փոխարեն կհաղթեն Ուկրաինային, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ կփրկեն Ռուսաստանի կործանվող տնտեսությունը և կզսպեն Ռուսաստանի ռեգիոններում ազգային փոքրամասնությունների հարաճուն անջատողական միտումները: Եթե Նիկոլ Փաշինյանը անկեղծ է իր այդ արտահայտության մեջ, որ իր համար ընդունելի է ռուսական տարբերակը, ուրեմն, հավանաբար, նա էլ է կիսում ռուսական այդ հույսերը: Այլ տարբերակն այն է, որ, իմանալով, որ Պուտինը, միևնույն է, չի կարողանալու ստիպել Ալիևին՝ համաձայնել իր այդ ծրագրին, քանի որ «խնդրի կարգավորման հետաձգում» ձևակերպումը նշանակում է, որ խնդիրը դեռ առկա է, ինչը ժխտում է Ալիևը, ընդամենը վաշինգտոնյան միջնորդությանը առավելություն տալու լեգիտիմ հիմք ստեղծելն է, ապա այստեղ էլ պետք է զգույշ լինել, քանի որ նույն երկու լարերի վրա խաղում է նաև Ալիևը, ում խաղի հնարավորությունները այժմ օբյեկտիվորեն ավելի մեծ են:

-Այս համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում։ Դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ ի՞նչ առարկայական ձեռքբերումներ գրանցվեցին։

-Ոչ մի ձեռքբերում չգրանցվեց՝ բացի նրանից, որ ԱՄՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես ընդունեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ. վերականգնել են իրենց անկախությունը (restoration of independence), ինչը նշանակում է, որ խորհրդային հանրապետությունների իրավահաջորդության մասին խոսք լինել չի կարող, Մոսկվայի կամ Ղարսի պայմանագրերի իրավաչափության մասին խոսք լինել չի կարող, ինչն էլ լայն դաշտ է բացում Հայաստանի համար Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցում: Այլ հարց է, որ ԱՄՆ-ի կողմից, մեր իշխանությունների կամքից անկախ, նման դիրքորոշման որդեգրումը, ինչը, ի դեպ, միջազգային իրավունքի տեսանկյունից միակ լեգալ դիրքորոշումն է, իր հետ ոչ միայն հնարավորություններ, այլև ռիսկեր է ստեղծում: Այժմ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքի ներքո և պետք է պահանջի միջազգային դատարանի միջամտություն սահմանների դելիմիտացիայի գործում, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահների առկայություն մեր սահմաններին՝ 1920թ.-ի թուրք-բոլշևիկյան ագրեսիայի մերօրյա շարունակությունը կանխելու նպատակով, որից հետո էլ հնարավոր կդառնա Հայաստանի կողմից ռուսական ռազմաբազայի դուրսբերման պաշտոնական պահանջ հնչեցնելը:

Այլապես՝ քունքին ուղղված ատրճանակի սպառնալիքի ներքո ցանկացած պայմանագրի տակ ստորագրությունը որևէ կայունություն և խաղաղություն չի բերի տարածաշրջան՝ միջազգային իրավունքի տեսանկյունից լինելով առ ոչինչ:

Այլ արդյունք չեղավ, վստահաբար, Ալիևի դիմադրության պատճառով, ով դիմադրում է նախորդ անգամ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հենքով արդեն հրապարակային որևէ փաստաթղթի ընդունմանը կամ գոնե եղածի հրապարակմանը: Կարծում եմ՝ եթե Իրանին ճնշելու ծրագրերի հնարավոր խորապատկերին Ադրբեջանի կշիռը նորից չմեծանա, դա իր բացասական հետևանքներն է ունենալու անձամբ Ալիևի համար, իսկ մեծ հաշվով՝ նաև Ադրբեջանի:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական