Քաղաքական

Ադրբեջանը ջանում է հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել Իրանի համար

Ադրբեջանը ջանում է հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել Իրանի համար

Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

-Երեկ, Շուշիի ելույթում, Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանին և, ակնարկելով իրանա-ադրբեջանական սահմանին վերջին զորավարժությունները, ասել, թե իրենք որևէ մեկից չեն վախենում։ Ի՞նչ էին նշանակում այդ հայտարարությունները։

-Նախ, պետք է նկատել, որ 2020-ի ղարաբաղյան պատերազմից հետո Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարվել են: Այդ լարվածությունը իր պիկին էր հասել 2021թ. օգոստոս-հոկտեմբերին և նաև հիմա: Լարվածության պատճառը Իրանի հստակ դիրքորոշումն է Հայաստանի տարածքային ամբողջականության և, մասնավորապես, հայ-իրանական սահմանի պահպանման, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում: Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, ապա Ադրբեջանն այս կերպ սպառնում է, որ անգամ Իրանի դիրքորոշումն իրենց ետ չի պահելու «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, և անհրաժեշտության դեպքում նաև ուժ է կիրառելու: Մյուս կողմից՝ Ադրբեջանը, օգտվելով Իրանում ստեղծած իրավիճակից, ջանում է հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել Թեհրանի համար, այդ թվում՝ ակտիվացնելով «Հարավային Ադրբեջանի» մասին թեզը: Բաքուն այս կերպ ակնկալում է, որ եթե Իրանը խրվի ներքին խնդիրների մեջ, ապա չի կարողանա ուշադրություն դարձնել և հրատապ արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: 

-Պաշտոնական Իրանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։ Ինչպես նաև դատապարտել է «ադրբեջանական տարածքների օկուպացիան»։ Ո՞րն է Իրանի մոտիվացիան, ըստ Ձեզ, երբ մի կողմից Ադրբեջանին շնորհավորում է 2020թ. պատերազմում հաղթանակի համար, մյուս կողմից՝ այսպես արձագանքում։

-Իրանի այս մոտեցումը նորություն չէ: Իրանն Ադրբեջանին շնորհավորել է նաև 2020թ. պատերազմից հետո: Թեև Թեհրանին ձեռնտու չէր Ադրբեջանի հաղթանակը, սակայն իրանական կողմը պաշտոնապես միշտ հանդես է եկել «օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու» օգտին: Թեհրանը հայտարարում է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգումն անհրաժեշտություն է, և սա պայմանավորված է նրանով, որ Իրանն ինքն ունի տարածքային ամբողջականության պահպանման խնդիր: Այս մոտեցումն Իրանը ցուցաբերում է բոլոր հարևանների նկատմամբ:

-Իրանական կողմի արձագանքում խոսվել է նաև «3+3» ձևաչափով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։ Այս ձևաչափի գործարկումը որքանո՞վ կաշխատի և արդյունավետ կլինի։

-Իրանն այն առաջին երկիրն էր, որը ողջունեց «3+3» ձևաչափի ստեղծման գաղափարը, և այն կյանքի կոչելու համար այդ երկրի արտգործնախարարը տարածաշրջանային շրջայց կատարեց: Իրանի համար սա խիստ ցանկալի ձևաչափ է, քանի որ տեղավորվում է տարածաշրջանի հարցերը տարածաշրջանային երկրների օգնությամբ լուծելու՝ Թեհրանի արտաքին քաղաքական սկզբունքի շրջանակներում: Այս մեխանիզմն Իրանի համար տեղի ունեցող գործընթացներին և դրանց առնչվող որոշումների կայացմանը մասնակից դառնալու հնարավորություն է: Այս կերպ Իրանն ակնկալում է չեզոքացնել իրեն սպառնացող վտանգները: Այս ձևաչափով, սակայն, մինչև այժմ մեկ հանդիպում է կայացել, ընդ որում՝ 3+2 ֆորմատով, քանի որ Վրաստանը չի մասնակցել: Այդ հանդիպմանն, ըստ էության, առանցքային որևէ հարց չի քննարկվել : Այս պայմաններում այն չի հավակնում դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձևաչափ, քանի որ այդ ուղղությամբ գործում են այլ ձևաչափեր:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական