Քաղաքական

ԱՄՆ-ն սանձահարում է ռուս-թուրքական պրոյեկտը

ԱՄՆ-ն սանձահարում է ռուս-թուրքական պրոյեկտը

Հայաստանի շուրջ վերջին օրերի աշխարհաքաղաքական զարգացումների մասին Radar Armenia-ն զրուցել է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։

-Նոյեմբերի 7֊ին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ի՞նչ տպավորություններ ունեք այս հանդիպումից:

-Քանի որ բուն բանակցային գործընթացի մասին մանրամասներ չկան, կոնկրետ վերաբերմունք հայտնելը վաղաժամ է: Սակայն հենց միայն բուն հանդիպման փաստը խոստումնալից է, որով ԱՄՆ-ն սանձահարում է ռուս-թուրքական պրոյեկտը:

-Բլինքենը իրական և խիզախ քայլ է որակել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը կայուն խաղաղության ուղղությամբ: Նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիովին սատարում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ի՞նչ է սա նշանակում, և այս համատեքստում նաև ի՞նչ է լինելու ԼՂ ճակատագիրը։

-Պարոն Բլինքենի որակումը դիվանագիտական ձևակերպում չէ, այլ մերկ ճշմարտություն: Եթե Ռուսաստանին հաջողվի ինչ-որ կերպ լուծել Ուկրաինայի հարցերը, հաջորդ քայլով չափազանց արագ կլանելու է Բելառուսը և Ադրբեջանը: Միայն մակերեսային մոտեցման դեպքում կարող է թվալ, թե ինքնիշխանության հարցում Ադրբեջանը մեզնից բարվոք վիճակում է. ավելի շուտ՝ ուղիղ հակառակը: Ախր, դա պատմության մեջ մեկ անգամ եղել է՝ ճիշտ այսպիսի դասավորության պայմաններում: Հիշենք, որ 1920թ. ապրիլի 28-ին Ռուսաստանը նախ կլանեց անկախ Ադրբեջանը, ինչը միանգամայն տրամաբանական էր: Մենք դրանից հետո դեռևս 8 ամիս ինքնիշխան էինք: Ռուսաստանը ստիպված եղավ քեմալական Թուրքիային կաշառել և ստիպել հարձակվել Հայաստանի վրա, իսկ նոյեմբերի վերջին անձամբ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ: Երկու ճակատով պատերազմելու անկարող Հայաստանը ստիպված երկուսին էլ կապիտուլացվեց – դեկտեմբերի 2-ին Երևանում՝ Ռուսաստանին, և նույն օրը՝ Ալեքսանդրապոլում, քեմալական Թուրքիային: Շնորհակալություն Միացյալ Նահանգներին, որ հասկանալով ռուս-թուրքական պարտիան՝ բարձրաձայնում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի պետականությունները պաշտպանելու իր պատրաստակամության մասին: Միայն անկախության պայմաններում է, որ հնարավոր է անդրադառնալ Արցախի հարցին ընդհանրապես. ըստ իս՝ սա է ամերիկյան մոտեցումը:

-Կողմերը այս հանդիպմանն էլ շրջանցել են ԼՂ մասին խոսակցությունը։ Սա ի՞նչ էր նշանակում։

-Սա նշանակում էր, որ Արցախի կարգավիճակին հնարավոր է անդրադառնալ միայն Հայաստանի և Ադրբեջանի կարգավիճակների պահպանման դեպքում: Չէ՞ որ 1921թ.-ին էլ ռուսները նախ լուծեցին Հայաստանի և Ադրբեջանի կարգավիճակների հարցը՝ նրանց սովետականացնելով, որից հետո Արցախի հարցը Ռուսաստանի ներքին հարց դարձավ: Իսկ թե ինչպիսի ազգային 100-ամյա դժբախտություն դա դարձավ հայության համար, արդեն 30 տարուց ավելի է՝ ճաշակում ենք: Եթե Ադրբեջանը հիմարություն ունենա խաբս գցել ԱՄՆ-ին ու միակողմանիորեն հանձնվել Ռուսաստանին՝ հուսալով կրկնել իր համար շահեկան 1921թ. պարտիան, ապա կպատժվի չարաչար, քանի որ թեև դասավորությունը ճշտիվ նույնն է, ինչ 100 տարի առաջ, սակայն ուժերի հարաբերակցությունն է միանգամայն այլ: Այն ժամանակ չկար հավաքական Արևմուտքը, իսկ եղածն էլ առաջնորդում էր մեր դաշնակից Մեծ Բրիտանիան, որի ուժերը, ցավոք, բավարար չէին Մերձավոր Արևելքում և մանավանդ Հարավային Կովկասում իր արժեքներին համապատասխան խնդիրները լուծելու համար. և Բրիտանիան ընտրեց Մերձավոր Արևելքը: Ռուսաստանն այն ժամանակ վերելքի մեջ էր, իսկ հիմա կույրն էլ է տեսնում Ռուսաստանի վայրէջքը: Իսկ համաշխարհային գերտերությունն էլ այսօր ԱՄՆ-ն է, որի ուժերը համեմատելի չեն 1920թ. հավաքական Արևմուտքի նվազ ուժերի հետ: Եվ փառք Աստծո, որ այդպես է. այսինքն, հույս կա, որ հնարավոր կլինի այս անգամ ձախողել ռուս-թուրքական հակահայ և անարդար պրոյեկտը:

-Առաջիկա շաբաթվա ընթացքում ևս մեկ այսպիսի հանդիպում կլինի։ Տպավորություն է, որ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ-ն ավելի է ակտիվանում՝ ամբողջությամբ ստանձնելով խաղաղության պայմանագրի մոդերատորի դերը։

-Ես էլ նույն տպավորությունն ունեմ: Հիմա մեզնից պահանջվողը փոքր-ինչ խոհեմ լինելն ու դիմանալն է, անհրաժեշտության դեպքում՝ դիմադրելը:

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական