Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
-Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից։
-Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանք է տարվելու. այդ մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է։ Հայաստանն իր պատասխանները կամ արձագանքներն է ներկայացնելու Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի նախագծի կետերի վերաբերյալ։ Եվ այդ առաջարկների ու քննարկումների արդյունքում մոտակա շաբաթների ընթացքում կազմվելու է այդ խաղաղության պայմանագրի տեքստը։
-Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեզ համար ընդունելի են խաղաղության պայմանագրի՝ ՌԴ առաջարկները։ Սա նշանակու՞մ է հրաժարվել վաշինգտոնյան տարբերակից։
-Հայաստանը չի հրաժարվել վաշինգտոնյան մոդերատորությունից։ Հայաստանը հայտարարել է, որ իր համար ընդունելի է ռուսական տարբերակը, սակայն գիտենք, որ ռուսական տարբերակը ընդունելի չէ Բաքվի համար։ Եվ քանի դեռ Ռուսաստանը հնարավորություն չունի Բաքվին պարտադրել իր սեփական պատկերացումները, պարզ է, որ Երևանը բանակցելու է նաև մյուս ձևաչափերում։ Այդ առումով, չեմ կարծում, որ ինչ-որ դժվարություններ կարող են առաջանալ՝ ռուսական կողմի հետ կապված, որովհետև ՌԴ-ն հենց ինքը չի կարողանում սեփական պատկերացումներն առաջ մղել։
-Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա. կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, Մոսկվան երկու կողմերին կոչ է անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնելուց։ Հավասարության նշան դնելով՝ ՌԴ-ն չի՞ թուլացնում Հայաստանի դիրքերը բանակցություններում։
-Այս հարցին դժվար է պատասխանել։ Տվյալ պահին Ռուսաստանը դիվանագիտական լեզու է օգտագործում, ինչն ընդունված պրակտիկա է։ Հատկապես այն պարագայում, երբ նոր էսկալացիա տեղի չի ունեցել, դժվար է կողմերից որևէ մեկին մեղադրել։
Հայկ Մագոյան