Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի: Հանրահավաքը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Տերունական աղոթքով։ «Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը որքան էլ խոցված իրավունք ունի՝ իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյունն է ոռոգել, և այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում»,- իր ելույթում ասաց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Ելույթով հանդես եկավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով իր խոսքում շեշտեց, որ կիրակի օրը Վերածննդի և Ֆրանսիայի հրապարակներում հավաքված մարդիկ ասում են՝ չենք ընդունելու որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքորոշման իրավունքը։
Ամբիոնից ելույթ ունեցավ նաև Իշխան Սաղաթելյանը, ով իր ելույթում նշեց, թե ի՞նչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպե՞ս.
1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում:
2. Պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծում:
3. Կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:
Ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց երթ անելու և հայտարարություն ընդունելու մասին. «Երթով գնում ենք Կառավարություն, խորհրդանշական ակցիա ունենք։ Հետո վերադառնում ենք հրապարակ, կարևոր հայտարարություն ունենք»,- ասաց Սաղաթելյանը:
Հանրահավաքին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը, բայց ելույթ չունեցավ։