ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը 2023թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ նախարարության համար առաջնային են մնում քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար, հայկական տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը:
Ըստ նրա՝ առաջնային է նաև Եվրոպական միության և ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով Հայաստանի ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը:
2023 թ. նախատեսվում է Հայաստան-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը՝ Հայաստանում և ԵՄ երկրներում և այլն: Կշարունակվեն խորհրդարանական համագործակցության՝ ընդունված ձևաչափերով աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է նաև մյուս ծրագրերը: