«Մենք ռուսական առաջարկներին կողմ չենք, որովհետև չգիտենք՝ ինչ է այդ տարբերակը, ու եթե չգիտենք, չենք կարող կողմ լինել». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են հրապարակել խաղաղության պայմանագրի՝ ռուսական տարբերակը։
Մեկնաբանելով վաշինգտոնյան տարբերակին ընդդիմության դեմ լինելու հանգամանքը՝ Նազարյանն ասաց, որ իրենք դեմ են, որովհետև, ըստ շրջանառվող տեղեկությունների, նշված է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում. «Մենք նշում ենք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա է մեր դիրքորոշումը»,- ասաց Նազարյանը։
Հարցին՝ կո՞ղմ եք, որ Արցախի հարցի կարգավորումը հետաձգվի անորոշ ժամանակով, ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ կողմ են արցախցիների ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացմանը. «Մենք պնդում ենք, որ առանց Արցախի ժողովրդի կամքի արտահայտության՝ որևէ կերպ այդ խնդիրը չի կարող լուծվել։ Մենք նաև պնդում ենք, որ Հայաստանը բանակցություններում չպետք է ներկայացնի մի մարդ, որը Հայաստանը տարել է պարտության և արյունահեղության»։
Վերադառնալով խաղաղության պայմանագրի ռուսական առաջարկների թեմային՝ Գեղամ Նազարյանը նշեց. քանի դեռ չգիտեն՝ ինչ է այնտեղ գրված, պետք չէ խոսել այդ մասին։
Իսկ Սոչիի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության առնչությամբ էլ ասաց, որ ցավում է, որ համատեղ հայտարարության մեջ Արցախի անունը նշված չի։
Հայկ Մագոյան