ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ըստ նրա՝ Թուրքիան թեև հայտարարում է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, մյուս կողմից անընդհատ գործընթացը կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայի հետ, ինչը նախապայման է հիշեցնում։
«Այնուամենայնիվ, այդ հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում և առաջին հերթին հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաև այդ մակարդակից դուրս մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ։ Խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանի բացման, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ։ Առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, կարող եմ ասել և ակնկալում եմ, որ դրական արդյունքներ կլինեն մոտ ապագայում»,- նշել է նա։