Քաղաքական

«ԱԺ գալով՝ առավելագույնը ինչ-որ թղթեր են պատռում». Ղազարյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին

«ԱԺ գալով՝ առավելագույնը ինչ-որ թղթեր են պատռում». Ղազարյանը՝ ընդդիմադիր պատգամավորների մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է նոյեմբերի 5-ին հանրահավաք անցկացնելու մասին։ 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների նախաձեռնությանը, կարծիք հայտնեց, թե նրանք իրենց գործողություններում անկեղծ չեն. «Ընդդիմության այս օրակարգն իրականում ոչ թե Արցախի պահպանության կամ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության մասին է, այլ՝ վարչապետի հրաժարականի։ Նրանք անկեղծ չեն ոչ իրենց ընտրողների, ոչ էլ՝ միջազգային գործընկերների հետ»։

Ըստ նրա՝ ընդդիմադիրները մեկ նպատակ են հետապնդում՝ վարչապետի հրաժարական. «ՀՀ քաղաքացիները և նույնիսկ իրենց ընտրողները սա քաջ գիտակցում են և չեն մասնակցում իրենց հավաքներին, հակառակ պարագայում դրանք ավելի բազմամարդ կլինեին։ Նրանց ընտրազանգվածի պակասելն էլ է դրա մասին վկայում։ Ժողովուրդը բավական իմաստուն է՝ այս ամենը գիտակցելու համար»։

Մեկնաբանելով Իշխան Սաղաթելյանի հայտարարությունն այն մասին, թե «ամեն ինչ անելու են, որ խաղաղության պայմանագիր կոչվածը չստորագրվի», իշխանական պատգամավորն ասաց՝ խաղաղության օրակարգը թույլ չտալու համար ընդդիմությունը մեկ եղանակ ունի՝ գալ խորհրդարան ու դեմ քվեարկել, բայց այդ գործընթացի համար էլ չունեն բավարար ձայներ. «Գոնե քաղաքական թիվ 1 ամբիոնից կարող են խոսել, ելույթներ ունենալ և իրենց դժգոհությունը հայտնել։ Սակայն ընդդիմությունը բովանդակության կազմակերպման հետ խնդիր ունեն, խորհրդարան էլ չեն գալիս և չեն ձևավորում իրենց օրակարգը, չեն ձևակերպում դեմ լինելու՝ իրենց պատճառները և դրան չեն տալիս որևէ իրավական գործընթաց»։ 

Պատգամավորը նշեց, որ ԱԺ գալու դեպքում ընդդիմադիրներն առավելագույնը ինչ-որ թղթեր են պատռում, թեև հնարավորություն ունեն ամբիոնն ավելի արդյունավետ կիրառել։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական