Քաղաքական

Զատուլինն ընդդիմադիրներին շարեց ԱԺ ամբիոնի մոտ

Զատուլինն ընդդիմադիրներին շարեց ԱԺ ամբիոնի մոտ

Ներքաղաքական հարցերի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

-Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է նոյեմբերի 5-ին հանրահավաք անցկացնելու մասին։ ԻՆչպես եք գնահատում հանրահաավաք անցկացնելու նրանց որոշումը։

-Հանրահավաք անցկացնելու որոշումը գնահատելու համար պետք է հասկանալ, թե որն է դրա նպատակը և օրակարգը։ Օրակարգ, բնականաբար, չկա։ Հայրենիքի փրկության վերաբերյալ նախադասությունների պարզունակ և լճացած կապակցումները ինձ համար օրակարգ չէ։ Ինչ վերաբերում է նպատակին, կառանձնացնեմ երեքը։ Առաջին՝ խորհրդարանական ընդդիմությունը ճգնաժամի մեջ է և չգիտի ինչ անել, հետևաբար ինչպես միշտ վերջին հանգրվանը փողոցն է։ Երկրորդ՝ խորհրդարանական ընդդիմությունը ակտիվանում է, երբ Մոսկվայից կան համապատասխան ազդանշաններ։ Օրինակ, հայտարարեցին, որ ԱԺ նիստերին չեն վերադառնում, բայց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մի քանի ժամվա ընթացքում հերթով-կարգով ընդդիմադիրներին շարեց Ազգային ժողովի ամբիոնի մոտ։ Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը հակված է շարժվել ավելի շատ արտաքին ուղղորդումներով և ոչ հայկական շահով։ Եվ, իհարկե գլխավոր նպատակը խաղաղության գործընթացի տապալումն է։ Մինչև հիմա այդ ընդդիմությունը չի ասել, թե որոնք են այն կարմիր գծերը, որոնք Հայաստանը չպետք է հատի բանակցային գործընթացում։ Օրինակ, հիմա սպասում են Մոսկվայի հրապարակային դիրքորոշմանը միջանցքի հարցում, որ իրենք էլ կողմնորոշվեն, ինչ պետք է պրոպագանդել Հայաստանում։ Նաև հեռակա հույս և համոզմունք կա, որ խաղաղության պայմանգիրը կտապալվի և դրանից հետո իրենք ժողովրդին կասեն՝ տեսաք մենք դուրս եկանք փողոց և կանխեցինք կապիտուլյացիան, փրկեցինք հայրենիքը, կեցցենք մենք։

-Այս հանրահավաքի մասին հայտարարությունը հաջորդեց Արցախի ԱԺ-ի հայտարարությանը, ապա Ստեփանակերտում հանրահավաքին։ Նաեւ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե սա միասնության հանրահավաք է։ Արդյո՞ք սրանով առարկայական խնդիր է լուծվում։

-Արցախի հանրահավաքի և Երևանում կայանալիք հանրահավաքի միջև ենթադրյալ կապեր կարող ենք փնտրել։ Բայց ես չեմ ուզում փնտրել։ Արցախի հանրահավաքի իմաստը և նշանակությունը ինձ համար բարձր է և ընկալելի այն առումով, որ դա սեփական հողում անվտանգ և անկախ ապրելու իրավունքն է պաշտպանում։ Քանի որ այս խորհրդարանակն ընդդիմությունը միշտ շահարկել է Արցախը և փորձ արել ինքնահաստատվել այդ օրակարգի վրա, միանշանակ այս անգամ էլ են արցախցիների պայքարը պրոյեկտելու իրենց վրա և փորձեն Երևանում ժողովրդական ալիք գեներացնել։ Բայց չի ստացվելու, դա ինքնախաբեություն է։

-Նրանք պնդում են, որ իշխանություն չեն ուզում, բայց իրենց խոսքով ասած նոր կապիտուլացիան կանխելու համար իշխանափոխություն է անհրաժեշտ։ Ինչպե՞ս հասկանալ։

-Մի ժամանակ իշխանություն էին ուզում, հիմա այլևս չեն ուզում։ Դե, իհարկե, չեն ուզի, որովհետև գիտեն որ այս իրավիճակում իրենք ստիպված են անել նույնը, ինչ անում է գործող իշխանությունը և հետևաբար Հայաստանի համար այս ճակատագրական ժամանակներում դարդ ու ցավի տակ մտնել չեն ուզում։ Մանդատները գրպաններում, աշխատավարձն ու պարգևավճարները ստանում են։ Երբ ասում են՝ խոսեք, խոսում են։ Լրիվ կոմֆորտ վիճակ է։ Բոլոր դեպքերում ուզեն իշխանություն, թե չուզեն, միևնույն է իրենց դա տվող չկա, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության գլուխ։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական