Սոչիում երեկվա եռակողմ հանդիպմանը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ այդ այցը զուգադիպություն չէ։
Radar Armenia-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց՝ ի տարբերություն Սոչիի եռակողմ հանդիպման, որը շատ արագ կազմակերպվեց, ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցը ավելի վաղ էր նախատեսվում։ Ըստ նրա՝ այն քննարկվել է երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումների ընթացքում. «ՀՀ վարչապետի այցը պլանավորվում էր, և սրա մասին փաստում է նախապատրաստվող փաստաթղթերը, ստորագրվելիք հուշագրերը։ Բայց, իհարկե, կարելի է ընդհանուր գծեր տանել տարածաշրջանային լարված դրության և տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներում Իրանի ակտիվության միջև»։
Հարցին՝ Իրանը ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանային զարգացումներում, և այս հարցում Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել իրանական գործոնից, փորձագետը պատասխանեց՝ Իրանը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում, և այն բոլորովին այլ շոշափելի մակարդակ է տեղափոխվել 2020 թվականի աշնանային պատերազմից հետո՝ հաշվի առնելով դրա հետևանքները նաև Իրանի համար և տարածաշրջանում փոխված ուժային բալանսը։
Պետրոսյանի խոսքով՝ այդ համատեքստում Իրանի դերակատարումը հատկապես առարկայական է՝ պայմանավորված մեր կորցրած դիրքերը վերականգնելու ակտիվ ջանքերում. «Այդ ջանքերը նկատելի են մի կողմից՝ Հայաստանի հետ կապված անվտանգության խնդիրները սեփական օրակարգով ներկայացնելու, և ավելի գլոբալ՝ թուրքական գործոնից բխող և մի շարք արտատարածաշրջանային խաղացողների (այդ թվում՝ արևմտյան դերակատարների և Իսրայելի) դերակատարությունը տարածաշրջանում զսպելուն միտված ակտիվ քաղաքական քայլերով»։
Փորձագետը նշեց, թե այս նպատակներին հասնելու համար Իրանը ակտիվ քայլերով վարում է բազմակողմ դիվանագիտություն Հայաստանի և Ադրբեջանի հետ. «Օրինակ, Ադրբեջանի հետ իրականացնում է տարաբնույթ տնտեսական նախագծեր, Հայաստանի հետ ևս, մասնավորապես՝ Կապանում հյուպատոսության բացումը, որն ուղիղ կերպով ընդգծում է Իրանի կենսական շահերը Սյունիքում»։
Այս ամենը, ըստ նրա, զուգորդվում է իրանական ակտիվ քարոզչությամբ, որը հաճախ ընթանում է ռազմական մանևրներով և Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում զորավարժություններով. «Հայաստանի համար այս բարդ իրավիճակում Իրանի վարած քաղաքականությունը հնարավորություն է տալիս՝ ստեղծել վստահելի մանևրի հնարավորություն»։
Հայկ Մագոյան