Երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպան և դրան հաջորդած հայտարարության վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասրյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ու դրա արդյունքում ստորագրված հայտարարությունը։ Ըստ Ձեզ՝ որն էր այդ հայտարարության գլխավոր ասելիքը։
-Այդ հայտարարությունը որևէ հիմնական ասելիք չուներ։ Սա հայտարարություն էր այն մասին, որ համաձայնություն չի կայացել։ Դա ինչ-որ անորոշ, լղոզված տեքստ էր՝ իրավիճակը փրկելու, ցույց տալու համար, որ, այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են։
-Հայտարարության մեջ բացակայում էր Լեռնային Ղարաբաղ հասկացությունը, մինչ այդ էլ Ալիևն էր հայտարարել, թե այդ հակամարտությունն այլևս պատմություն է։ Ինչո՞ւ որևէ խոսք չկար ԼՂ մասին, ի՞նչ ուղերձ էր իր մեջ պարունակում այն։
-Հենց դա նկատի ունեմ, որ չի հաջողվել համաձայնության գալ, ու Արցախի խնդիրը հետագայում պետք է քննարկվի՝ կարգավիճակը և այլն։ Եթե չի հաջողվել, և, իմ տպավորությամբ, ադրբեջանական կողմն էլ պնդել է, որ ԼՂ-ի մասին որևէ հիշատակում չլինի, և այդ հարցում համաձայնություն չի եղել։ Եվ էլի մի քանի հարցերում ակնհայտորեն համաձայնություն չկար։ Այդ իսկ պատճառով համարում եմ, որ դրանք ձախողված բանակցություններ են։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ այնտեղ հիմնական խոսակցությունը պետք է ընթանար Պուտինի և Ալիևի միջև, և Պուտինը պիտի Ադրբեջանից փորձի խաղաղության համաձայնագրի հիմքում դնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ Պուտինին չի հաջողվել համոզել Ալիևին։ Ալիևը շարունակել է պնդել իր առաջարկած 5 կետերը։ Այնտեղ շատ լղոզված էին ձևակերպումները նաև հումանիտար հարցերի վերաբերյալ։ Հայաստանից ադրբեջանական զորքերը դուրս բերելու վերաբերյալ ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ էին։ Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ զիջման չի գնացել, շարունակել է իր կոշտ դիրքորոշումը։ Իսկ Պուտինն էլ իր խոսքում անուղղակիորեն ակնարկեց այդ մասին։ Ռուսական փորձագիտական շրջանակներն ավելի բաց տեքստով են ասում, որ, այնուամենայնիվ, բանակցությունները ձախողված կարելի է համարել։
-Վ. Պուտինը հանդիպումից հետո հայտարարեց, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Եթե դեռ շուտ է խոսել խաղաղության պայմանագրի մասին, ապա ո՞րն է լինելու ներկայումս դրա այլընտրանքը։
-Դեռ հանդիպումից մի քանի օր առաջ դիրքորոշում էի հայտնել, որ Սոչիի հանդիպումը շատ կարևոր է լինելու։ Եվ արդյունքների բացակայությունը նույնպես արդյունք է։ Եվ դրանից է կախված լինելու՝ մենք առաջ կշարժվենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությա՞մբ, թե՞ ականատես կլինենք լարվածության նոր փուլին։ Հիմա, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել լարվածության նոր փուլի և ադրբեջանական նոր ագրեսիայի։
-Եռակողմ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Իրան։ Այս այցն ի՞նչ քաղաքական մեսիջներ ունի և ու՞մ է ուղղված։
-Կարծում եմ, որ իրանական կողմն է նախաձեռնել այս այցը։ Հրավիրել է Թեհրան, որպեսզի սկզբնաղբյուրից տեղեկանա, թե ինչ է կատարվում իրականում, ինչ ակնկալիքներ պիտի ունենան և այլն։ Այսպես ասած՝ Իրանն իմանա, թե ինչին պատրաստ լինի։
Հայկ Մագոյան