Քաղաքական

«Միակողմանի կողմնորոշումը չարիք է բերելու». Նորիկյան

«Միակողմանի կողմնորոշումը չարիք է բերելու». Նորիկյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն է։

-Երեկ ԼՂՀ ԱԺ-ն հայտարարություն տարածեց, ապա՝ Ստեփանակերտում հանրահավաք տեղի ունեցավ, ներկայացվեցին արցախահայության պահանջները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը։

-Շատ լավ կլիներ, որ ԼՂ-ում տեղի ունեցած հանրահավաքով արցախցիների ինքնորոշման պայքարի առանցքը ձևակերպվեր, Արցախի սուբյեկտայնության մակարդակի մեծացմանը միտված գործողությունը ֆիքսվեր, Արցախի ժողովրդի ինքնորոշման 30-ամյա պայքարի հիմքում դրված գաղափարաբանական արժեքներն ընդգծվեին։ Եթե սա մի գործընթաց է, որը տանելու է Արցախի սուբյեկտայնության ընդգծմանը և դրա բյուրեղացմանը, իհարկե, լավ է։ Բայց այնտեղ ընդգծվում էր միայն այն, որ Արցախը Հայաստանից ինչ-որ ակնկալիքներ ունի։ Այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստ է սատարել, աջակցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

-Այսինքն, երեկվա հայտարարությունները ոչ իրատեսակա՞ն եք համարում։

-Գիտեք՝ ուզում եմ հասկանալ։ Երեկ ի՞նչ քաղաքական խնդիր լուծվեց։ Արցախից անհամաձայնություն է հնչում ռուսակա՞ն առանցքի ներքո ընթացող գործընթացներին, թե՞ Արևմուտքի։ Արցախի ձայնն այդտեղ պետք է շատ հստակ ֆիքսվեր, որ Արցախի խնդիրը ոչ միայն անվտանգության խնդիր է, այլ, նախ և առաջ, ինքնորոշման պայքարի։ Հիմա իրենք մտածու՞մ են Արցախի ինքնորոշման անբեկանելի հանգամանքը մինչև վերջ պնդելու մասին։

-Ձեր կարծիքով՝ երեկ հստակ պահանջ չձևակերպվե՞ց։

-Կարծում եմ, որ այդ առումով ընդհանրապես որևէ քաղաքական միտք չձևակերպվեց։ Իհարկե ցանկությունների, մեր պատմության դժնդակ փուլերի կամ միասնության ցանկասիրական համատեքստում նման հռետորիկա օգտագործվեց։ Բայց, մենք շատ լուրջ գործընթացի մեջ ենք, որը ռեգիոնում մեր ապագային է վերաբերվում։ Մենք ի՞նչ ակնկալիք ունենք միջազգային հանրությունից, իսկ միջազգային հանրությունն ի՞նչ ակնկալիք ունի, և աշխարհաքաղաքական կենտրոններն ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը, դրանք մեր շահերի հետ համադրվու՞մ են, թե՞ հակադրվում։ Եթե մենք միակողմանի ընդունենք ռուսական առաջարկները, չի՞ ստացվում, որ վարագույրները փակում ենք Արևմուտքի առաջ կամ հակառակը։ Կարողանալու՞ ենք աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրվող շահերը, գոնե մեր հարցում, համադրել, որպեսզի չմնանք այդ բախման փլատակների տակ։ Միակողմանի կողմնորոշումը մեզ ի՞նչ է տալու։ Խորապես համոզված եմ, որ դա բերելու է չարիքի։

-Այս համատեքստում՝ նոյեմբերի 5-ին խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է կրկին հանրահավաք անցկացնելու մասին։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

-3 տարի այդ նույն ընդդիմությունը նույն միտինգներն է իրականացնում՝ նույն թեմայով, հռետորաբանությամբ, նույն շեշտադրումներով։ Կարծում եմ, որ մենք պետք է որակապես նոր օրակարգ ստեղծելուն միտված քաղաքական միջավայր ձևավորենք, որը հիմնված կլինի Հայաստանի փաստացի հնարավորությունների և միջազգային հանրության իրական տրամադրությունների հիման վրա։ Մենք չենք կարող մեր պատկերացումներով գնալ, աշխարհի հզորների հետ խոսել, որ՝ գիտեք ինչ, Արցախը բնիկ հայկական տարածք է։ Դա չի քննարկվում։ Պետք է հասկանալ՝ մենք ներուժ ունե՞նք, թե՞ չունենք։ Թե չէ դուրս գալ անընդհատ հրապարակ ու նույն բաներն ասել՝ արդյունքը ո՞րն է։ Իրենց գործունեության արդյունքը զրո է։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական