Radar Armenia-ի զրուցակիցը ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանն է։
-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ԱԺ հայտարարությունն ու դրան հաջորդած հանրահավաքը։
-Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ հանրահավաքի, ԱԺ նիստի և հայտարարության փոխարեն Ստեփանակերտը կարող էր աշխատել հայ-ադրբեջանական կարգավորման պայմանագրի՝ իր պատկերացրած տարբերակի վրա, հոդված առ հոդված, և այն ներկայացներ Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Դա ավելի գործնական և, կարծում եմ, ազդեցիկ կլիներ։
-Հնչած պահանջները որքանո՞վ եք համարում իրականանալի՝ հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, և, ընդհանրապես, տեղի ունեցածն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բանակցային գործընթացի, Արցախի հետագա ճակատագրի վրա։
-Քաղաքականության մեջ չի կարող լինել միակողմանի պահանջ։ Լինում են, կան դիրքորոշումներ, որ քննարկվում են, համադրվում, որպեսզի գտնվի փոխընդունելի լուծում։
-Եթե իրականանալի չեն, ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում։
-Որքանով են իրականանալի Արցախի ԱԺ հայտարարությամբ նախանշված մոտեցումները, պարզ կլինի, երբ դրանք ձևակերպվեն, ինչպես ասացի, որպես հայ-ադրբեջանական ենթադրյալ պայմանագրի հոդվածներ և դրվեն բանակցությունների սեղանին։ Որքանով դիտարկվում է, այս փուլում Ստեփանակերտը դեռևս դրան պատրաստ չէ։
-Հաճախ համեմատություններ է արվում 88-ի հետ. ինքներդ նման համեմատությունների եզրեր տեսնո՞ւմ եք։
-88-ը մեկնարկային, ելակետային, այսպես ասած՝ զրոյական կետ է։ 88-ին կար ՍՍՀՄ, որի բարձրագույն իշխանությունից ակնկալում էինք օրինական լուծում։ Այսօր բոլորովին այլ իրողություն է։ Համեմատության եզրեր չկան։
-Արցախում տեղի ունեցած հանրահավաքի ֆոնին կարծես կրկին ակտիվանում է ՀՀ ընդդիմությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Մի երևույթ, որ տրամաբանության չի տրվում, մեկնաբանել հնարավոր չէ։ Եկեք միասին արձանագրենք փաստը և սպասենք։ Աստված մեզ ապավեն, որպեսզի նորից չբախվենք «փրկության կոմիտեի» բարդույթի «փոցխին»։
Հայկ Մագոյան