«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ելույթը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համագումարում․
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցության հարգելի՛ նախագահ,
Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցության Սիրելի՛ անդամներ,
Ողջունում եմ բոլորիդ կուսակցության թվով 6-րդ հերթական համագումարին։ Այն տեղի է ունենում մեր պետության համար բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ կանգնած ենք արտաքին մարտահրավերների առաջ։ Սակայն այս ճգնաժամը մեզ չպետք է վախեցնի, չպետք է վհատեցնի։ Դժվարին թվացող խնդիրների լուծումները ամենևին մեր հնարավորություններից վեր չեն: Եւ այժմ մեզանից պահանջվում է ընդամենը մեկ բան՝ համախմբվել և չընկրկել պատասխանատվություն ստանձնելուց մեր և մեր երկրի ապագայի համար:
4 տարի առաջ մեզ հաջողվեց պետության ներքաղաքական կյանքում խոշորագույն փոփոխություններ իրականացնել: Այսօր Հայաստանում անցկացվում են ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ, որոնք աներևակայելի էին դարձել վերջին 2 տասնամյակների ընթացքում։ Քաղաքացիական Պայամանգիրն իր մեծ դերն է ունեցել այդ գործընթացում և յուրաքանչյուր կուսակցություն կհպարտանար այսպիսի նվաճմամբ:
Ժողովրդավարությունը մեր կուսակցության քաղաքական հավատամքն է, մեր հենասյունը։ Եւ սա ուղղակի գեղեցիկ բառեր չեն։ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը իր հիմնադրման օրվանից անշեղորեն առաջ է մղել ժողովրդավարական արժեքների վրա հենված գաղափարախոսություն, և մենք այսօր բոլորս մասնակից ենք լինելու ժողովրդավարական կուսակցական ընտրություններին։
Սակայն մեր խնդիրը չի սահմանափակվում ներկուսակցական համակարգերի կայացմամբ։ Մենք հաստատուն քայլերով պետք է Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնենք, և որևէ դեպքում չպետք է թույլ տանք, որ լինի վերադարձ դեպի նախկին արատավոր կարգեր և բարքեր։
Հիմնադրման օրվանից կուսակցությունում չեն եղել արգելված թեմաներ, և յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու և դրա համար պայքարելու հնարավորությունը ունեցել է։ Չկա ու չպետք է լինի պարտադրված միակարծություն։ Չկա ու չպետք է լինի ազատ մտածողության սահմանափակում։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է կարողանանք հաշտեցնել կուսակցաթյան ներսում եղած տարաբևեռ կարծիքները, համատեղ գտնել լուծումներ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդիմությունից դեպի իշխանության գալու տարիներին անցավ դժվարին տրանսֆորմացիաների փուլերով։ Մեր Հազարավոր քաղաքացիների դիմումները կուսակցական դառնալու համար լուրջ մարտահրավեր էին՝ հաշվի առնելով, որ բոլորը չէ, որ կրում են կուսակցության գաղափարախոսությունն ու արժեքները:
Կուսակցական տոմսով անձնական խնդիրներ լուծելու կամ արտոնյալ լինելու ժամանակներն անվերադարձ անցել են: Եւ կրկին, այս առումով էլ մենք պատասխանատվություն ունենք ոչ միայն նման երևույթներ թույլ չտալու կուսակցության ներսում, այլև այս փոփոխությունը մեր երկրի մակարդակով անշրջելի դարձնելու առումով։
Դահլիճում ներկա մեր շատ գործընկերներ այսօր զբաղեցնում են երկրի համար կարևորագույն պաշտոններ, և ես վստահ եմ, որ մենք բոլորս գիտակցում ենք, որ պաշտոնն ու կարգավիճակը ընդամենը միջոց է։ Միջոց նպատակների և գաղափարների իրականացման համար, միջոց ծառայելու քո երկրին և ժողովրդին։
Այս առումով կարևոր եմ համարում մի քանի շեշտադրում անել։
Շատերս անձնական փորձով գիտենք, թե որքան ժամանակ է տանում գրասենյակային աշխատանքը, անսպառ խորհրդակցություններն ու չդադարող թղթաբանությունը։ Բյուրոկրատիան իհարկե շատ կարևոր է, այնուամենայնիվ, մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի այդ թանկարժեք ժամանակը ճիշտ օգտագործվի։ Մեզ տրված ժամանակում կմնա մեր խոսքը, թող այն բովանդակությամբ լեցուն լինի, մեզ հատկացված ժամանակում կմնա մեր գործը, այնպես անենք, որ այն գովեստի արժանի լինի և շուտ չմոռացվի։ Երբեք չկտրվենք իրական կյանքից։ Անմիջական և ուղիղ շփումների մեջ լինենք մեր հայրենակիցների հետ, միայն դա է թույլ տալու ոչ միայն ճիշտ ընկալել առկա խնդիրները, այլև դրանց դիպուկ լուծումները գտնել։
Տանք մեր հայրենակիցներին նորից ոգեշնչվելու և նորից հավատալու հնարավորություն։ Կապ չունի քանի նոր զարգացման ծրագիր կամ ռեֆորմ կառաջարկենք, եթե մարդիկ չեն հավատում որևէ լուծման:
Մեր ամենօրյա գործողություններում հիշենք, որ կայացված որոշումները վերաբերում են ինչպես ողջ ժողովրդին՝ հավաքականորեն, այնպես էլ յուրաքանչյուրին անհատապես։ Ասֆալտապատ ճանապարհը հեշտացնում է վարորդի և հետիոտնի կյանքը, որակյալ հանրային տրանսպորտը՝ աշխատանքի շտապող և տուն վերադարձող մարդու կյանքը, պատշաճ հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները՝ բժշկի ու պացիենտի կյանքը, վերանորոգված դպրոցը՝ ուսուցչի ու աշակերտի կյանքը, բարեկարգ բակերն ու խաղահրապարկները՝ փոքրիկների ու երեկոյան հանգիստը վայելող քաղաքացիների կյանքը և այսպես շարունակ։ Տարածված կարծիք կա, թե որևէ իշխանություն չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Մենք պետք է ապացուցենք հակառակը, կարող է և պարտավոր է։
Համագումարի առիթն օգտագործելով՝ այսօր վերահաստատում ենք մեր կուսակցության հավատարմությունը վերոնշյալ սկզբունքներին։ Մեծ անորոշությունների ներկայիս շրջափուլում պետք է գտնվենք շրջահայաց, վճռական ու ելնենք միմիայն մեր համոզմունքներից։ Սահմանին կանգնած մեր զինվորի հերոսությունը մեզ համար պիտի լինի պարտավորեցնող․ մեզ համար այժմ այլընտրանք չի մնացել, քան դիմադրությունը, ապրելն ու արարելը՝ հանուն մեր պետության ուժեղացման, պրոֆեսիոնալ բանակ ու զարգացած տնտեսություն ունենալուն։
Կուսակցությունը պիտի դառնա առաջնորդող և օրինակելի մյուսների համար, մենք պետք է նպաստենք, որ Հայաստանում, վերջապես, կայանա քաղաքական համակարգը, կուսակցությունները քաղաքացու համար լինեն ոչ թե ավելորդություն կամ կարիերայի սանդուղք, այլ քաղաքական հավատամքի, գաղափարական ներդաշնակության ու համակարծության առողջ միջավայր։ Այս հարցում պետք է դաշնակից ընտրենք առողջ քաղաքական ուժերին՝ կայացնելու Հայաստանի կուսակցական համակարգը և լուսանցք մղելու հայհոյախոսությունը, լուտանքն ու քաղաքականի անվան տակ ունեցվածքի համար պայքարի վաճառքը։
Մեր քայլերում մենք պետք է նայենք միայն առաջ՝ բարեկեցիկ ու անվտանգ ապագային։
«Քաղաքացիական պայմանագիրը» միայն ներկայի կուսակցություն չէ, և չպետք է լինի։ «Քաղաքացիական պայմանագիրը» նաև ապագա է։
Շնորհակալ եմ»։