Քաղաքական

Չկա ոչ վաշինգտոնյան, ոչ արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ

Չկա ոչ վաշինգտոնյան, ոչ արևմտյան նախագիծ, կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նշել է, որ չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա նաև արևմտյան նախագիծ։

«Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա նաև արևմտյան նախագիծ։ Ես սա ասում եմ պաշտոնապես։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմն աշխատել է այս ընթացքում, աշխատանքներն ավարտվել են, որի վերաբերյալ ապագա հանդիպմանը կլինի քննարկում։ Հայկական կողմը կներկայացնի իր մոտեցումները և կլինի քննարկում։

Ինչ վերաբերում է ռուսական նախագծին, ապա այսօր վարչապետն արձանագրել է, որ դեռևս սեպտեմբերին հայկական կողմին է ներկայացվել այդ առաջարկությունը, և հայկական կողմը հաստատել է իր դրական վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար, հետևաբար հայկական կողմը հույս է հայտնում, որ Սոչիում ռուսական կողմն իր այդ առաջարկությունը կպնդի և կհամոզի Ադրբեջանին»,- ասաց Մարուքյանը։ 

Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը կարող է բանակցել, խոսել, իր մոտեցումները ներկայացնել և անում է դա, սակայն առաջարկությունը ներկայացրել է ռուսական կողմը, հայկական կողմը տվել է դրական արձագանք։ 

Էդմոն Մարուքյանը, խոսելով «Խովաևի պլանի» մասին, նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը եղել է Հայաստանում և զգացել է, թե ինչ է կատարվում, սակայն մինչ այսօր չունեն ռուսական կողմի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի նկատմամբ եղել է ագրեսիա, Հայաստանի տարածքներն օկուպացվել են։ 

«Մինչդեռ բազմիցս ամենաբարձր մակարդակով ասվել է, որ ՀՀ պետական սահմանները կարմիր գիծ են ՌԴ համար, հիմա այդ սահմանները խախտվել են, գրավել են ՀՀ սուվերեն տարածքից։ Ունենք իրավիճակ, երբ նախագահ Պուտինը չասաց, թե որն է իրենց տեսլականը, իրենք պատրա՞ստ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանել»,- ասել է Մարուքյանը։ 

Նա հավելել է, որ Ռուսաստանն առաջարկում է ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորման հարցը հետաձգվի, արևմուտքի առաջարկները հետևյալն են, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ստեղծվի մեխանիզմ և միջազգային հանրության դիտարկման ներքո տեղի ունենան բանակցություններ, քննարկում՝ ԼՂ-ում ապրող ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության հարցերի վերաբերյալ։ 

«Արևմուտքն ասում է եկեք այդ հարցը հիմա քննարկենք, ստեղծենք նման մեխանիզմ, Ռուսաստանն ունի նախագիծ, որտեղ ասում է՝ այդ հարցը հետո քննարկենք։ Մենք կողմ ենք Ռուսաստանի նախագծին, ասում ենք՝ եկեք ստորագրենք, եթե դա հնարավոր չէ, ուրեմն պետք է խոսենք մեխանիզմի ստեղծման մասին։ Ադրբեջանը ոչ համաձայն է, որ հետաձգվի, ոչ էլ համաձայն է մեխանիզմի ստեղծմանը»,- նշել է Մարուքյանը։ 

Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Մարուքյանը շեշտել է, որ չկա աշխարհում այլ ինստիտուտ, որն ավելի շատ անհանգստանա արցախահայության անվտանգության իրավունքների և ազատությունների մասին, քան ՀՀ-ն և պետական իշխանությունը։ 

«Գաղափար կա, որ կարող ենք առաջարկել ՌԴ-ին 10 տարով երկարաձգել խաղաղապահների ներկայությունն Արցախում։ Մարդիկ երկարատև որոշակիություն են ուզում»,- ասել է Մարուքյանը։ 





 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական