Քաղաքական

«Խոսել հայկական կողմի մասին ու չտեսնել սենյակում նստած փղին, միակողմանի մոտեցում է». Քոչինյան

«Խոսել հայկական կողմի մասին ու  չտեսնել սենյակում նստած փղին, միակողմանի մոտեցում է». Քոչինյան

«Երբ Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ հայկական ղեկավարությանն առաջարկում էին տալ հինգ շրջանները և գնալ կարգավորումների ճանապարհով, չի ասում շարունակությունը». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով երեկ ՌԴ նախագահ Վ.Պուտինի՝ «Վալդայ» ակումբում Հայաստանի վերաբերյալ արած հայտարարություններին։

Նրա խոսքով՝ շարունակությունն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը համաձայնվում էր՝ ակնկալելով որոշակի փոխզիջումներ նաև Ադրբեջանից, ինչը, սակայն, տեղի չէր ունենում։

«Դրանից հետո, երբ ինքը խոսում է, որ Հայաստանի ղեկավարությանը առաջարկում էին գնալ խաղաղության ճանապարհով, չի շարունակում, որ Հայաստանի ղեկավարությունը դրան էլ էր համաձայնվում՝ ակնկալելով ադրբեջանական կողմից որոշակի զիջումներ, որոնք չէր ստանում։ Երբ Պուտինը խոսում է նրա մասին, որ արևմտյան փաթեթներում Արցախի որևէ կարգավիճակ չկա, չի շարունակում, որ իրենք փաթեթում, չնայած նրան, որ պատրաստվում են հետագայի համար թողնել Արցախի կարգավիճակի հարցը, Ադրբեջանը դրան էլ չի համաձայնվում»,- ընդգծեց քաղաքագետը։ Ըստ Քոչինյանի, ինքը մինչև այս պահը չի տեսել որևէ ցանկություն, որ Ռուսաստանը փորձում է լուծել այդ հարցը։ 

Քոչինյանի դիտարկմամբ՝ խոսել հայկական կողմի մասին ու  չտեսնել սենյակում նստած փղին, չտեսնել Ադրբեջանի՝ հարցը կարգավորելու ուղղությամբ ցանկության բացակայությունը, մեղմ ասած՝ միակողմանի մոտեցում է և կապ չունի իրականության հետ։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետի այսօրվա թվիթերյան գրառումը, որտեղ նա վերահաստատել է Ադրբեջանի հետ Ռուսաստանի առաջարկած սկզբունքներով միջպետական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը, քաղաքագետն ասաց՝ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ հայկական կողմը չէ, որ դեմ է արտահայտվել ՌԴ նախագահի բարձրաձայնած կետերին ու առաջարկություններին. «Հայկական կողմն այդ առաջարկին դեմ չի արտահայտվել, դեմ է արտահայտվել Ադրբեջանը։ Եթե ռուսական կողմը ուզում է խոսել իր առաջարկների մասին, ճիշտ կլինի, որ իր առաջարկի համապատասխան կետերը կարողանա համաձայնեցնել Ադրբեջանի հետ, հետո խոսի այն մասին, որ ունի առաջարկ։ Որովհետև կա առաջարկ, որին համաձայն ենք մենք, համաձայն չէ Ադրբեջանը, բայց, չգիտես ինչու, Ռուսաստանի նախագահը խոսում է Հայաստանից»։

Հայկ Մագոյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական